Thursday, September 22, 2011

Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միասնությունը դրսում տապալեց ադրբեջանական ծրագիրը

Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամները գոհ են, որ կարողացել են խոչընդոտել հակահայ բանաձևի ընդունումը՝ առաջ տանելով, իրենց խոսքով, ազգային շահը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության անդամներ՝ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ևս մեկ անգամ ներկայացրին Եվրանեսթի լիագումար նիստի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները:
Ինչպես հայտնի է, Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը տեքստ է ներկայացրել՝ ըստ որի, հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության իրավունքի հիման վրա: Այս տեքստը պետք է դառնար բանաձև, ապա ընդգրկվեր Եվրանեսթի աշխատանքներն ամփոփող փաստաթղթում, որը պետք է ներկայացվեր Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերության» համաժողովին:
«Փորձ էր արվում Ադրբեջանի և, ցավոք, նաև Վրաստանի կողմից շրջանցել ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ գոհունակությամբ նշելով, որ Եվրանեսթում իրենց հաջողվեց տապալել նման հակահայ բանաձևի ընդունումը:
«Մենք անհնազանդություն չենք ցուցաբերել, մենք ընդամենը ասել ենք, որ եթե միջազգային իրավունքի տասը նորմ կա` իրավահավասար, ապա բարի եղեք, բոլոր սկզբունքները ներառեք, կամ էլ ավելացրեք նախադասություն, ըստ որի՝ հակամարտությունները լուծվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- պատմեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ Ադրբեջանն իրենց այս երկու առաջարկներին դեմ էր, ինչի պատճառով էլ հայկական պատվիրակությունը դեմ արտահայտվեց նման բանաձևի ընդունմանը: «Մենք չէինք կարող թույլ տալ, որ նման ձևակերպմամբ որևէ փաստաթուղթ ընդունվի՝ անկախ նրանից, դա կլիներ Եվրանեսթի վախճանը, թե վերածնունդը»,- ասաց նա:
«Հայկական պատվիրակությունը՝ անկախ քաղաքական հայացքներից համախմբված էր, միակամ»,- Եվրանեսթում հայկական պատվիրակության աշխատանքն այսպես բնութագրեց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա համոզված է, որ «Ադրբեջանը ինչքան էլ բղավի` շոկոլադ, դրանից նրա բերանը չի քաղցրանա»:
«Հայկական պատվիրակությունն այս ամիսներին չերևացող, բայց հսկայական աշխատանք է կատարել»,- հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ կատարած աշխատանքի համար: Պատգամավորը մանրամասն ներկայացրեց այն աշխատանքները, որոնք կատարել է հայկական պատվիրակությունը:
Սաֆարյանը տեղեկացրեց, որ Եվրանեսթի հաջոդ նիստը`կայանալու է Երևանում նոյեմբերին: «Ես կարծում եմ` դա լավ արդյունք է»,- ասաց Սաֆարյանը:

No comments: