Thursday, September 22, 2011

Ժողովուրդը չի քվեարկի Քոչարյանի օգտին. Վահան Շիրխանյան

Ժողովուրդ թերթը գրում է.
«Մինչ ամբողջ Հայաստանը տոնում էր անկախության 20-ամյակը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը լույս ընծայեց իր թերթը` «Օրակարգ» անունով: 2000 օրինակով լույս ընծայված թերթը լինելու է տնտեսական օրաթերթ»:
«Ժողովուրդը» այս կապակցությամբ հարց է ուղղել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանին`արդյոք «թերթը կշարունակի՞ պահել ուղղվածությունը, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հանարավոր ակտիվացման դեպքում կդառնա քաղաքական օրաթերթ` Քոչարյանի քարոզչությունն իրականացնելու համար»:
Շիրխանյանը պատասխանել է. «Եթե մարդիկ մտահոգ են մարդկանց վիճակով և ունեն ծրագրեր, Հայաստանը ծանր վիճակից դուրս բերելու համար թերթ են ստեղծում, կազմակերպություններ են ստեղծում, առաջարկություններ են անում, դա միայն ողջունել կարելի է: Բայց եթե մարդիկ ընդամենը մի քանի տարի առաջ թողել են մի ահավոր ժառանգություն երկրին ու ամբողջ ժողովրդին, և իրենց ապաշնորհ աշխատանքի հետևանքով է այժմ ամբողջ երկիրն ահավոր վիճակում գտնվում, ապա չգիտեմ` ինչու են ուզում վերադառնալ: Ես շատ բացասական եմ վերաբերում այդ ամենին, այդ մարդիկ պետք է ասեն, թե ինչու տանուլ տվեցին ամբողջ բանակցային գործընթացը, ինչու բերեցին փակուղի, Հայաստանին դարձրին ագրեսոր…Այս հարցերի պատասխաններից հետո նոր, եթե իրենց մեղքն ընդունեն, և եթե ժողովուրդն էլ ընդունի բացատրությունները, նոր կարող են վերադառնալու հայտ ներկայացնել: Եթե հանկարծ հայ ժողովրդի միջից գտնվի մի հատված, որը քվեարկի Ռ. Քոչարյանի օգտին, ես ուղղակի շատ հիասթափված կլինեմ մեր ժողովրդի գիտակցության աստիճանի համար: Բայց ես նման բան բացառում եմ: Իսկ այն, որ այդ մարդիկ ցանկանում են վերադառնալ քաղաքականություն, միայն մեկ նպատակ ունեն. Քոչարյանն ուզում է շարունակել իր հարստությունը կրկնապատկել, իսկ Օսկանյանը կշարունակի իր ձախողված դիվանագիտությունը, բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը նրանց քվե չի տալու: Ժողովուրդը չի կարող երազել մի իրավիճակի մասին, երբ երկիրը սրընթացորեն քայքայվում ու դատարկվում է»:

No comments: