«Լրագիր» 21-9-2011- Ինչպես հայտնի է, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններին, ինչի հրավեր նրան ուղղել էր Սերժ Սարգսյանը: Հայտնի է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չմասնակցելը պատճառաբանել էր նրանով, որ Քոչարյանը հանրապետությունում չի լինելու:Հետաքրքիր է, թե ինչ կարեւոր գործուղում կամ շրջագայություն է ունենում Ռոբերտ Քոչարյանը, որ Անկախության քսանամյակին Հայաստանում չէ: Նա իհարկե պարտավոր էլ չէ լինել Հայաստանում, բայց մյուս կողմից շատ հետաքրքրական է, որ մարդը, ով ընդամենը երեք տարի առաջ է թողել պետության նախագահի պաշտոնը, երեք տարի անց պետության անկախության 20-ամյա հոբելյանին բացակայում է այդ պետությունից:
Նաեւ հետաքրքրական է, որ օրինակ Արցախի նախագահի պաշտոնն էլ թողնելով մոտ 14 տարի առաջ, Քոչարյանն այդուհանդերձ գնաց ու մասնակցեց Արցախի անկախության 20-ամյա հոբելյանին:
Ուր էր գնացել երկրորդ նախագահն անկախության տոներին, ու ինչով էր զբաղված, որ այդ զբաղմունքը նախընտրեց Հայաստանում մնալուց:
Օրինակ, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն էլ մերժեց Սերժ Սարգսյանի հրավերը, բայց նա Հայաստանում է եւ նշում է անկախության տոնը իր շրջապատում:
Ընդհանրապես, այդ իրողությունն ինքնին, որ Հայաստանի ընդամենը երեք նախագահներն անկախության կամ այլ պետական տոների առիթով երբեք իրար կողքի չեն լինում, խոսում է անկախ պետության որակի մասին, բայց դա այլ խնդիր է, որի մասին շատ են եղել դատողություններ, ու թերեւս դեռ կլինեն:
Տվյալ պարագայում հետաքրքրական է մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի պահվածքը: Բանն այն է, որ նա որպես երկիրը տասը տարի ղեկավարած նախագահ, ունեցել է պետականության ընթացքի իր զգալի ներդրումը: Անշուշտ, նա է պատասխանատու նաեւ այդ ընթացքի բազմաթիվ արատների եւ նույնիսկ դրանց “ինստիտուցիոնալացման” համար, բայց այդ առումով Հայաստանում համակարգային արատները բաժին են ընկնում թե առաջին, թե երկրորդ, թե նաեւ արդեն երեք տարի է երրորդ նախագահի շրջանին:
Ինչու Քոչարյանը չփորձեց իր ներկայությամբ ընդգծել իր մասնակցությունը պետական կյանքին: Հազիվ թե նա անտարբեր լիներ պետության այդ կարեւոր հոբելյանի հանդեպ ու անկարեւոր համարելով հեռանար երկրից:
Արդյոք նրան թվաց, որ Տեր-Պետրոսյանը կարող է ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը եւ այդպիսով անկախության քսանամյակի ուշադրության կենտրոնում ոչ թե կլինի իր, այլ հենց Տեր-Պետրոսյանի մասնակցությունը: Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանից նեղացավ այն պատճառով, որ նա իրենից բացի նաեւ Տեր-Պետրոսյանին է հրավեր ուղարկել, որեւէ ձեւով չառանձնացնելով Քոչարյանին:
Կամ էլ երկրորդ նախագահը պատվից ցածր համարեց Սերժ Սարգսյանի նախագահությամբ տոնակատարությունների մասնակցելը, բայց հասկանալով, որ հրավերը մերժելը Հայաստանում լինելու պարագայում կարող էր իսկապես հեռուն տանող ենթադրություններ ու ընկալումներ առաջացնել թե հանրության, թե հենց իշխանական համակարգի մոտ, Քոչարյանը որոշեց մերժումը հիմնավորելու համար հեռանալ Հայաստանից:
Բայց, հետաքրքիր է նաեւ իհարկե, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն իսկապես հեռացել է, թե այդ մասին հայտարարվել է, թերեւս մտածելով, որ տոնական թոհուբոհի մեջ որեւէ մեկը չի էլ փորձի պարզել այդ հարցը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment