Monday, September 26, 2011

Սաուդյան կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք են ստացել

Tert.am. 26-9-2011- Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը հայտարարել է Սաուդյան Արաբիայի բոլոր բնակչուհիներին ընտրական իրավունք տրամադրելու որոշման մասին, որից նրանք մինչ այժմ զրկված են եղել։ Ընդ որում, կանայք ոչ միայն հնարավորություն կունենան քվեարկել ՏԻՄ ընտրություններում, այլ նաև՝ առաջադրել իրենց թեկնածությունները։
Փորձագետներն այս քայլը գնահատել են որպես պատմական իրադարձություն։
Թագավոր Աբդել Ազիզի խոսքերով՝ նա դեմ է, որ կանայք, շարիաթի օրենքների համաձայն, մեկուսացված լինեն սոցիալական կյանքից, իսկ որոշումն ընդունվել է մուսուլմանական հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչների (ուլեմների) հետ բանակցությունների արդյունքում։
Սաուդյան Արաբիան կանանց կենսակերպի վերաբերյալ շարունակում է մնալ պահպանողական մուսուլմանական պետություն։ Այդուհանդերձ, թագավորի հրամանով 2007–ին արքայադուստր Ջաուհարան առաջին անգամ գլխավորեց բարձրագույն ուսումնական հաստատությունը, իսկ 2009–ին Աբդել Ազիզը Աղջիկների հարցերով նախարարի տեղակալի պետական բարձր պաշտոնին կին նշանակեց, նույն տարում նույնիսկ արական և իգական սեռերի ներկայացուցիչների համատեղ ուսուցման գիտատեխնիկական համալսարան բացվեց։
Սաուդյան Արաբիայի կանանց բազմաթիվ շարժումների ակտիվիստուհիները թագավոր Աբդել Ազիզի այս խոսքերին երկար են սպասել։ Սաուդյան կանայք, ի տարբերություն արաբական և իսլամական պետություններից իրենց հարևանուհիների, շատ իրավունքներից են զրկված։ Օրինակ, նրանց չի թույլատրվում մեքենա վարել, շատ քչերը հնարավորություն ունեն իրենց նախասիրությունների համաձայն մասնագիտություն ընտրել և պարտավոր են խիստ դրեսկոդ պահպանել։
Վերջին ժամանակները թագավորական իշխանություններն անհանգստացած են երկրի շիական փոքրամասնության շրջանում բողոքական տրամադրությունների մեծացող չափերով։ Նպատակ ունենալով հանգստացնել իր ենթականերին՝ Աբդել Ազիզը հայտարարել է լայնածավալ սոցիալական ծրագրի իրականացման մեկնարկի մասին, որը նախատեսում է աշխատավարձերի և թոշակների բարձրացում, բնակարանների կառուցում, առողջապահական և կրթական ոլորտների բարելավում։ Եվ ահա, սաուդյան կանայք զգալով, որ իրենց իրավունքները կարող են իրագործվել, այս տարվա հունիսին բողոքի արշավ սկսեցին. գեղեցիկ սեռի տասնյակ ներկայացուցչուհիներ, հետևելով սոցիալական ցանցերի կոչերին, հակառակ արգելքներին և ձերբակալության սպառնալիքին՝ ավտոմեքենաներ են վարել, գրում է Взгляд–ը։

No comments: