Thursday, September 22, 2011

Հայաստանն առաջին անգամ հարձակողական զինատեսակներ ցուցադրեց

Tert.am. 21-9-2011- «Անկախության զորահանդեսը շատ առումներով նախորդ զորահանդեսներից բացառիկ էր: Թվով այս հինգերորդ զորահանդեսը բացառիկ էր ոչ թե մեծաքանակ անձնակազմով, այլ իր կազմակերպվածությամբ, զինտեխնիկայով: Իսկ զորահանդեսի փակումը, որն ուղեկցվեց շարային դեֆիլեով (սա հստակ հաշվարկված գործողությունների պար է), ուղղակի ցնցող էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ զորահանդեսը բացառիկ էր նրանով, որ Հայաստանն առաջին անգամ հարձակողական զինատեսակներ ցուցադրեց, որոնք իրենց հեռահարությամբ հասանելի են հակառակորդի բոլոր նշանակետերին, ցուցադրվեցին գերճշգրիտ հարձակման միջոցներ՝ այդ թվում ռեակտիվ համազարկային չինական կայանները, մարտավարական հրթիռային տոչկա համալիրները, որոնք ունեն 120 կմ հեռահարություն, 300կմ հեռահարությամբ հրթիռային համալիրներ: Մասնագետի ներկայացմամբ՝ առաջին անգամ ցուցադրվեցին հայրենական արտադրության զինատեսակների նմուշներ, հրետանու կրակի կառավարման և հետախուզության, ականանետման համակարգեր: «Զորահանդեսը բացառիկ էր, քանի որ դրան մասնակցեցին ազատամարտիկներ, հոգևորականներ: Մենք այսօր ունենք հոգևորականների և ընդհանրապես հոգու ամրության խնդիր հասարակության մեջ»,- ասաց նա:
«Մեր զորահանդեսը քանակական խնդիր չէր լուծում: Դրան մասնակցել է 4 000 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա: Մենք այդ ամենը չենք ներկայացրել Ադրբեջանի հետ համեմատության համար, մենք ցույց տվեցինք որակական հատկանիշներ»,- հայտարարեց Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ առհասարակ զորահանդեսներով մարտական պատրաստության լիարժեք ռեսուրսների մասին պատկերացում հնարավոր չէ կազմել:
Հարցին, թե ե՞րբ Հայաստանը կունենա կործանիչներ, ինչպիսիք ունի Ադրբեջանը, ռազմական փորձագետը պատասխանեց, թե բանակի ընդհանուր մարտավարության, զարգացման համատեքստում երկրները զարգացնում են ավիացիայի կոնկրետ ուղղություններ: «Մենք դեռևս նման խնդիր չենք դրել: Եթե նման խնդիր լինի, չի բացառվում, որ Հայաստանը ևս մոտ ապագայում կործանիչներ ունենա»,- նշեց Հովհաննիսյանը:

No comments: