Tert.am. 26-10-2011- Հայաստանին զենք վաճառելու համար Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն։Դեսպանը նշել է, թե Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Մոլդովայի վարչապետը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ և ներողություն խնդրել։
Իգոր Բոդյուն հաստատել է, որ Մոլդովան 3 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն է վաճառել Հայաստանին` ընդգծելով, որ դա սխալ քաղաքական քայլ էր։
«Չնայած Հայաստանին սպառազինություն վաճառելն արգելված չէ, դիվանագիտական տեսանկյունից դա սխալ էր։ Երկու պետություններն էլ ՎՈւԱՄ–ի անդամներ են, և մենք հուսով ենք, որ այդ փաստը որևէ վնաս չի հասցնի երկկողմ հարաբերություններին։ Մոլդովայում արդեն ստեղծվել է 2 հանձնաժողով՝ խորհրդարանական հանձնաժողով և Անվտանգության խորհրդի հանձնաժողով, որոնք զբաղվում են տվյալ միջադեպի հետաքննությամբ»,– ասել է դեսպանը։
Նշենք, որ շաբաթներ առաջ մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է «60 տոննա ժամկետանց սպառազինություն»։ Այս տեղեկությունը հաստատում է Մոլդովայի պաշտպանության նախարարը, մինչդեռ հայկական կողմը հերքում է այն:
Բացի այդ, մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է ժամկենտանց, բայց բավական թանկարժեք զինատեսակներ շուկայականից անհամեմատ ցածր գնով։
Հայաստանին վաճառված զինատեսակներից են «Կոբրա» հրթիռների համար նախատեսված 9В862, 9В863, ինչպես նաև «Կոնկուրս–Մ» հակատանկային հրթիռային համալիրների համար նախատեսված 9В871-3 վերահսկիչ–ստուգիչ համալիրները։ Դրանցից յուրաքանչյուրի գինը գերազանցում է 60 հազար ԱՄՆ դոլարը։ Վաճառված սպառազինության թվում կան «Ֆագոտ», «Կոնկուրս», «Շտուրմ–Ս», «Մետիս» տիպի հազարավոր հրթիռներ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment