«Լրագիր» 26-10-2011- Թերեւս ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանի առաջիկա ընտրությանը փորձելու է ՀՀկ նախընտրական ցուցակ ներգրավել այսպես ասած “լեգեոներների”: Դրանց մոտավոր շրջանակն արդեն հստակ դրսեւորվել է` Խոսրով Հարությունյան, Արտաշես Գեղամյան, Պարույր Հայրիկյան: Հավանաբար առաջիկայում էլի նոր անուններ կհայտնվեն այդ շրջանակում, որոնք կհամալրեն ՀՀԿ նախընտրական ցուցակը: Իրավիճակը կարծես թե պարզ է: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է առաջիկա ընտրությանը հաղթանակ ապահովել հնարավորինս “քիչ արյունով”: Այսինքն, պետք է անել հնարավորը, որպեսզի ՀՀԿ ցուցակը արմատապես փոխի իր տեսքը, մականունավորներն ու հանրությանը զզվացնելու աստիճան ձանձրացրած նժդեհական կոմֆորմիստները դուրս մղվեն կամ հնարավորինս նվազեն այդ ցուցակում:
Իհարկե հազիվ թե ասենք Արտաշես Գեղամյանով ու Խոսրով Հարությունյանով Սերժ Սարգսյանին հաջողվի ավելի շատ արդար ձայներ հավաքել, քան Գալուստ Սահակյանով կամ Գագիկ Մելիքյանով, կամ մականունավոր ու կիսագրագետ այլ անձանցով, բայց ընդհանուր աուրայի առումով իավիճակը փոփոխության կարող է ենթարկվել:
Բայց, այստեղ կա նաեւ խնդրի կամ իրողության եւս երկու ասպեկտ, որոնք թերեւս արժանի են ուշադրության: Բանն այն է, որ ՀՀԿ ցուցակ ներգրավվող շրջանակը փաստորեն անցնում է քաղաքական դաշտի ֆիլտրացիայի հերթական փուլը: Այսինքն, այդ գործիչների հանդեպ կիրառվում է այսպես ասած “կանտրոլնի” կրակոցը, որից հետո նրանք վերջնականապես կավարտեն իրենց քաղաքական գոյությունը Հայաստանում` նոր խորհրդարանը նրանց համար կվերածվի “քաղաքական դամբարանի”, քանի որ եթե այժմ հանրային ինչ որ շրջանակների մոտ դեռ կարող է պահպանված լինել կարծիք, թե միգուցե այդ մարդիկ իրապես ազնիվ մղումներով էին 2008 թվականին հակադրվում ժողովրդական շարժմանը, ապա ՀՀԿ ցանկում ներգրավվելուց հետո, այդ մարդկանց թեման կփակվի վերջնականապես:
Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի քայլը ողջունելի է: Թող հավաքի, որքան հնարավոր է շատ հավաքի այդօրինակ գործիչների եւ շատ մաքրի քաղաքական տեսադաշտը: Այդպիսի մի գործընթացի կարիք էլ թերեւս ընդդիմադիր դաշտում է առաջանալու, ընտրությանը մոտ, բայց դա այլ խոսակցություն է:
Իսկ առկա ներիշխանական գործընթացի մյուս առանձնահատկությունը թերեւս այն է, որ Սերժ Սարգսյանը “լեգեոներների” միջոցով թերեւս փորձում է իրեն ապահովագրել ՀՀԿ հնարավոր դավաճանությունից: Ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ներկայիս ՀՀԿ շարքերի մի զգալի մասն ինքն է ձեւավորել, պաշտոնյաներին խնդրելով մտնել ՀՀԿ եւ հզորացնել այն 2007 թվականի ընտրությունից առաջ: Այսինքն, դա նշանակում է, որ կա հակառակ պրոցեսի ռիսկ. այսինքն, Քոչարյանի հրամանով այդ մարդիկ կամ նրանց մի զգալի մասը կարող են անհրաժեշտ պահին դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ:
Գուցե նաեւ այդ նկատառումով է, որ Սարգսյանը փորձում է ՀՀԿ շարքերում ավելացնել այսպես ասած սեփական կադրերի թիվը, նվազեցնելով հնարավոր դավաճանության ռիսկը:
Թեեւ, մյուս կողմից, այդ կադրերն էլ իրենց քաղաքական կենսագրությամբ, Սերժ Սարգսյանին չեն տալիս առանձնապես լավատես լինելու հույս: Պարզապես, հաշվարկը թերեւս այն է, որ մինչ այդ կադրերը խորհրդարանում հայտնվելուց հետո դուրս կգան էյֆորիկ երախտագիտության “շորշոփից”, Սերժ Սարգսյանը կհասցնի ձեռնարկել դավաճանության ռիսկը չեզոքացնելու առավել հիմնարար գործողություններ: Նրան դրա համար պարզապես ժամանակ է պետք, ինչին էլ կծառայի “լեգեոներների” շրջանակը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment