«Լրագիր» 4-10-2011-ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր քննարկվել է Ազգային ինքնիշխանությունը եւ պետականությունը ժամանակակից միազգային իրավունքում. պարզաբանման անհրաժեշտություն անունը կրող բանաձեւի նախագիծը:ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ասել է. «Մենք բոլորս էլ գնահատում եւ ընդունում ենք Եվրոպայում խաղաղության պահպանման անհրաժեշտությունը։ Սակայն ցանկացած խաղաղություն եւ բարօրություն պետք է համակցվի մարդու իրավունքների պաշտպանությամբ, որը բարձրագույն արժեք է։ Ուստի, ես կցանկանայի կանգ առնել միջազգային իրավունքի այնպիսի կարեւորագույն դրույթի վրա, ինչպիսին ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակ սահմանել է ինքնորոշման սկզբունքը։ «Միավորված ազգերի նպատակներն են` ժողովուրդների միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ` հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա։ ՄԱԿ-ի կանոնադրության 55-րդ դրույթը եւս հստակ սահմանում է ազգերի ինքնոշորման սկզբունքի գերակայությունը։ Ավելին, իր տարբեր բանաձևերի միջոցով ՄԱԿ-ը մեկնաբանում և զարգացնում է ինքնորոշման սկզբունքը: 1952 թ. դեկտեմբերի 16-ի բանաձևում ՄԱԿ-ի վեհաժողովը հայտարարեց. «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար»։ Այսինքն՝ ինքնորոշման նկատմամբ հարգանքը նախապայման է համաշխարհային խաղաղության համար: Ուստի, ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքի ոտնահարում է, հետևաբար՝ միջազգային իրավունքի խախտում։ Ահա այս հիշեցումից հետո, բնականաբար, ես, որպես օրինակ, պիտի անդրադառնամ Լեռնային Ղարաբաղի խնդրին, որն իր անկախությունը հռչակել է միջազգային իրավունքին եւ գործող օրենքներին համապատասխան։ Հաագայի Արդարադատության դատարանի վճիռը Կոսովոյի վերաբերյալ, որը փաստում է, որ անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, Հարավային Սուդանի անկախության հռչակումը մեկ անգամ եւս հաստատում են ազգերի ինքնորոշման սկզբունքի կարեւորությունը։ Եւ, կարծում եմ, բոլորս էլ հասկանում ենք, որ ինչքան էլ հակամարտությունները լինեն տարբեր, միջազգային իրավունքը չի կարող կիրառվել տարբերակված։ Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է։ Պարզապես, ես շատ կցանկանայի, որ մեր այն գործընկերները, որոնք իրենց զեկույցներում անդրադառնում են նման լրջագույն խնդիրներին՝ չմոռանան ազգերի ազատ ընտրության իրավունքը` որպես մարդու իրավունքի բարձրագույն արժեք։ Ինչը, ի դեպ, մենք, որպես ԵԽ անդամ պետություններ, մշտապես պարտավորվում ենք հարգել։ Քանզի այս ամբիոնից հնչած յուրաքանչյուր երկրորդ բառը դա մարդու իրավունքն ու այդ իրավունքի անվերապահ հարգումն ու ընդունումն է»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment