Tuesday, October 4, 2011

Նոբելյան ամենահեղինակավոր մրցանակը բաժին հասավ տիեզերքի գաղտնիքները բացահայտողներին

Tert.am. 4-10-2011- Ֆիզիկայի բնագավառում 2011թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներ Սոլ Պերլմուտերին, Ադամ Ռիեսին, ավստարալացի Բրայան Շմիդտին՝ «տիզերքի՝ արագացող ընդարձակումը» հայտնագործելու համար։
1998թ. գիտնականները հայտնաբերել էին, որ Տիեզերքի ընդարձակման արագությունը ժամանակի ընթացքում մեծանում է։ Նրանց հաշվարկներով՝ այդ գործընթացը սկսվել է մոտ 5 մլրդ տարի առաջ։ Հաստատել, որ տիեզերքի ընարձակումն արագանում է, հնարավոր է դարձել Ia տեսակի գերնոր աստղերի շնորհիվ, որոնք առաջանում են կրկնակի աստղային համակարգերում, երբ սպիտակ գաճաճը կլանում է ընկերակից աստղի մատերիան:
Այդ աստղերը չափազանց պայծառ են և պայթում են այն ժամանակ, երբ սպիտակ գաճաճի կշիռը հասնում է Չանդրասեկարի սահմանին: Ենթադրվում է, որ նույն պայծառությունն ունեցող գերնոր աստղերը պետք է որ Երկրից հավասար հեռավորության վրա գտնվեն: Սակայն 1990-ականներին գիտնականները պարզեցի, որ հեռավոր գալակտիկաներում Ia տեսակի գերնոր աստղերը ավելի քիչ պայծառություն ունեն, քան ենթադրվում էր, ինչը նշանակում էր, որ նրանց հեռավորությունը ավելի մեծ է, քան նախապես ենթադրվում էր: Այս բացահայտման հիման վրա գիտնականները եզրակացրեցին, որ տիեզերքն ավելի արագ է ընդարձակվում։
Երեկ Ստոկհոլմում մեկնարկեց «Նոբելյան շաբաթը»։ Ավանդույթի համաձայն՝ առաջինը հայտնի դարձավ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակակրի անունը։ Նոբելյան կոմիտեն այս տարի այդ մրցանակը «կիսեց» Բրյուս Բոյթլերի, Ժյուլյու Հոֆմանի և Ռալֆ Շտայմանի միջև։ Բրյուս Բոյթլերն ու Ժյուլյու Հոֆմանն այդ մրցանակին արաժանացան իմունիտետի բնագավառում իրենց հայտնագործության համար, իսկ Բոյթլերը՝ իմունիտետ ձեռք բերելու հարցում դենդրիտային բջջիջների դերի մասին հայտնագործության համար։
Չորեքշաբթի կհրապարակվի քիմիայի բնագավառում Նոբելյան դափնեկրի անունը, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը կհանձնվի հինգշաբթի, իսկ ուրբաթ կհրապարակվի Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը։
Նոբելյան 2011թ. մրցանակաբաշխությունը կավարտվի հաջորդ երկուշաբթի՝ այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը։
Դափնեկիրներն իրենց մրցանակները (յուրաքանչյուր ասպարեզում՝ 1,5 մլն դոլար), կստանան միայն դեկտեմբերի 10–ին։

No comments: