Wednesday, October 26, 2011

ԱՄՆ–ը շնորհավորել է Ադրբեջանին ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ

Tert.am. 26-10-2011- ԱՄՆ–ը շնորհավորել է Ադրբեջանին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցչի արած հայտարարությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՄԱԿ–ի կենտրոնակայանում տեղի է ունեցել արևելաեվրոպական խմբի երկրների՝ 2012-2013թթ. համար ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ մշտական անդամակցության համար քվեարկությունը։ Ադրբեջանի անդամակցությանը, որի հիմնական մրցակիցը Սլովենիան էր, կողմ է քվեարկել 155 երկիր։
Նոր ոչ մշտական անդամները դեկտեմբերի 31-ից կփոխարիներն Բոսնիա և Հերցեգովինային, Բրազիլիային, Գաբոնին, Լիբանանին և Նիգերիային։
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը կազմված է կազմակերպության 5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից։ Ոչ մշտական անդամներն ընտրվում են երկու տարով, իսկ ամեն տարի փոփոխվում են նրանցից 5-ը։

No comments: