Wednesday, October 26, 2011

Թուրքիայում թուրք գրողը բեմից իր պապի արաքը ցեղասպանություն կկոչի

Tert.am. 26-10-2011- Թուրք դրամատուրգ Սեդեֆ Էջեթի պիեսի հիման վրա ֆրանսիացի բեմադրիչ Բրունո Ֆրեզինեն բեմադրել է «Ժառանգները»՝ 6 լեզվով և 4 ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացումը, որ ևս երեք օր Երևանում է, շրջելու է Ֆրանսիայում, Բեռլինում, Ստամբուլում, Դիարբեքիրում. գուցե նաև Վրաստանում և Իտալիայում (այս երկրների հետ բանակցություններ են ընթանում)։ «Ժառանգների» առանցքը ցեղասպանությունն է։ Այս մասին Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման տաղավարում խոսեցին Հայաստանի պետական համազգային թատրոնի ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանը և բեմադրիչ Բրունո Ֆրեզինեն։
Վարդան Մկրտչյանը նշեց, որ վեցալեզու այս ներկայացումը դիտել-հասկանալը խնդիր չէ, քանի որ տարբեր երկրներում այդ երկրների համար օտար լեզվով արտահայտված խոսքերը տիտրերով գրվելու են։ Բացի այդ ներկայացումը հետաքրքիր է հենց նրանով, որ այստեղ գեղեցիկ միախառնումով երբեմն մեկը փորձում է արտասանել կամ խոսել մյուսի լեզվով։ Եվ նման շփումն, իրոք, դառնում է երկխոսություն։
Այս ձևաչափն, ըստ նրա, նորություն է բազմաթիվ առումներով։ Նախ, այս նախագծի շրջանակում ցեղասպանությունից ի վեր առաջին անգամ բեմում միասին աշխատելու են հայ ու թուրք արվեստագետները, նաև՝ թուրք բեմադրիչի կողմից առաջին անգամ բեմից հնչում է ցեղասպանություն բառը. «իսկ սա մի հանգամանք է, որ եթե քաղաքական գործիչների մոտ չի ստացվում»։ «Հատկապես նման զգացմունքային խնդիրների պարագայում մենք ամեն ինչ չթողնենք քաղաքական գործիչների վրա»,- ասաց Վարդան Մկրտչյանը։
Բրունո Ֆրեզինեն նշեց, որ ստեղծագործական որևէ ընդհարում չի ունեցել Սեդեֆ Էջեթի հետ՝ միայն մի պահ, երբ վերջինիս թվացել է, թե նախաձեռնությունը դառնում է լոբբիստական միջոցառում։ Սակայն այդ կնճիռն էլ քննարկումների միջոցով հարթվել է. «Քննարկումներն ավելի շատ վերաբերել են պիեսի ելքին. ի վերջո, որոշվել է գալ այնպիսի մի կետի, որը որ դուռ էր բացելու, որ մարդիկ կարողանան խոսել, այսինքն՝ խոսքի ազատագրման հանգրվանի»։
«Ես պիտի ասեմ, որ հեղինակը շատ մեծ ռիսկի է գնացել. դուք կարող եք պատկերացնել, թե նրան ինչ գրաքննություն է սպասվում Թուրքիայում»,- նշեց Մկրտչյանը։ Ֆրեզինեն բացատրեց, որ Էջեթի հետ համագործակցության որոշումը կայացվել է, քանի որ ցեղասպանության նկատմամբ թրքուհու դիրքորոշումը սթափ է, Թուրքիայի ժխտողական քաղաքականության նկատմամբ՝ բացասական։
«Այսօր թուրք մտավորականությունը կարծես մեզ չի կարողանում հասկանալ. մենք կարողանում ենք հասկանալ նրանց,- ասաց Մկրտչյան։,- Պիեսը որոշ տեղերում ադապտացիայի ենթարկվեց և դարձավ ավելի սուր, քանի որ չի կարելի խոսել մի կարևոր հարցի շուրջ և չասել հիմնական, կարևոր կետերը»,- ասաց նա։
Ներկայացման մեջ երկու տեղ՝ հայի և թուրքի շուրթերից հնչում է «ցեղասպանություն» բառը։ «Պապս արել է հանցագործություն, բայց հայրս պակաս հանցագործ չէ, որ թաքցրել է ինձանից դա. և ես ուզում եմ պատմել իմ երեխաներին, որ նրանք չունենան այդ խնդիրը»,- ասում է թուրք գրողը։
Նշվեց նաև, որ Սերժ Ավեդիքյանն այս ողջ ստեղծագործական պրոցեսի մասին ֆիլմ է նկարահանում։
Երևանում «Ժառանգների» վերջին ներկայացումները կլինեն հոկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին։

No comments: