Tuesday, October 4, 2011

Ջավախահայերը Սարկոզիին խնդրում են Սաակաշվիլիի առջև բարձրացնել հայ համայնքի խնդիրները

Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ խնդրելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Վրաստանի հայ համայնքի խնդիրները։

«Մեծարգո պարոն Սարկոզի,
2011թ. հոկտեմբերի 6-7 Հարավային Կովկասի երկրներ նախատեսվող Ձեր այցի կապակցությամբ ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ջավախքի խնդիրների վրա: Հայաստանին ու Թուրքիային սահմանակից Վրաստանի հարավ-արևմտյան հայաբնակ այս երկրամասում հետզհետե սրվում է հումանիտար իրավիճակը:
Վրաց իշխանությունները, կոպտորեն ոտնահարելով մարդու և ազգային փոքրամասնությունների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները, նորանոր քայլեր են ձեռնարկում ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական և մշակութային իրավունքների սահմանափակման ուղղությամբ: Այսպես՝ հետզհետե խստացվում է Ջավախքի հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ վրաց ուժային կառույցների վերահսկողությունը, սահմանափակվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կեղծվում են ընտրությունները: Գնալով սահմանափակվում է հանրային կյանքում մայրենի լեզուն օգտագործելու հայ բնակչության իրավունքը: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, անօրինական կերպով աշխատանքից են ազատվում հայ ուսուցիչները:

Այս գործընթացների դեմ Ջավախքի բնակչության արդարացի և խաղաղ բողոքի դրսևորումներին վրաց իշխանությունները փորձում են հակադարձել սադրանքների և անօրինական գործողությունների միջոցով: Այսպես, 2008թ. հուլիսին ձերբակալվեց և մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց Ջավախքի հայազգի քաղաքական գործիչներից մեկը` Վահագն Չախալյանը, որը հետևողականորեն քննադատում էր ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականությունը:
Վերոնշյալ գործընթացները հետզհետե ավելացնում են վրաց իշխանությունների նկատմամբ Ջավախքի բնակչության հիասթափության և դժգոհության տրամադրությունները, ինչը մեծացնում է տարածաշրջանի կոնֆլիկտային պոտենցիալը:

Մեծարգո պարոն Սարկոզի,

Վրաց իշխանություններն այսօր հայտարարում են, որ Եվրամիությանն անդամակցելը հանդիսանում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակներից մեկը: Սակայն Սաակաշվիլիի վարչակարգի կողմից իր երկրի հայազգի քաղաքացիների նկատմամբ որդեգրած գործելաոճը հակասում է հիմնական եվրոպական չափանիշներին, ինչը նշվում է բազմաթիվ փորձագետների կողմից և արտացոլված է համապատասխան միջազգային կազմակերպությունների զեկույցներում: Այս պարագայում, վրաց իշխանություններին ուղղված մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եվրոպական երկրների հորդորները կարող են լուրջ դրական ներգործություն ունենալ:
Արդ, մենք դիմում ենք Ձեզ՝ ի թիվս այլ հարցերի Ձեր վրաց պաշտոնակցի առջև Վրաստանի հայ համայնքի խնդիրները բարձրացնելու խնդրանքով: Վրաստանի իշխանությունները պետք է ստանան հստակ ուղերձ առ այն, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ձգտումներն անհամատեղելի են իրենց երկրի հայազգի քաղաքացիների օրինական իրավունքների կոպիտ ոտնահարման քաղաքականության հետ, և հակառակը, հայ փոքրամասնության խնդիրների լուծումը միմիայն նպաստելու է Վրաստանի հետագա կայացմանն ու զարգացմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- ասվում է Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի բաց նամակում։

No comments: