Saturday, November 12, 2011

Բրիտանացի պրոֆեսոր. Հույս ունեմ, որ թալիշերենին նույն ճակատագիրը չի սպասվում

Panorama.am. 12-11-2011- «1960-70-ականի սկզբին, երբ այցելում էի Հաստպար /այժմ` Թալիշ/ և Աստարա քաղաքներ առավել հաճախակի, բացահայտեցի, որ թալիշերենը կորցնում է իր դիրքերը` որպես արտահանվող լեզու` Արևելյան Ատրպատական նահանգից դեպի Կասպից ծոց թյուրքախոս ներգաղթյալների շնորհիվ: Սկսեցի անհագստանալ թալիշերենի և թալիշական մշակույթի գոյատևաման համար»,-այսօր Երևանում մեկնարկած թալիշագիտական 2-րդ գիտաժողովի ժամանակ հայտարարեց Մեծ Բրիտանիայից ժամանած պրոֆեսոր Ալի Գրանմայեն, ով ներկայացրեց «Ինչպե՞ս փրկել թալիշների լեզուն և մշակույթը» խորագրով զեկույցը:
Օտարերկրացի գիտնականը համարում է, որ թեպետ պետք չէ քննադատել մարդկային հասարակության ներսում բնական շարժումները և դեմոգրաֆիական փոփոխությունները, այնուամենայնիվ, կարող է ծագել պատճառաբանված անհանգստություն բնիկների` ավելի մեծ էթնիկ խմբերում ոչ բնական ձուլման, ինչպես նաև դոմինանտ լեզվի կողմից տեղական լեզվի ոչնչացման առնչությամբ:
Նա բացատրեց, որ հենց այս մտահոգություններն ունենալով է ընդունել հրավերը ու այսօր մասնակցում է կոնֆերանսին, ապա ընդգծեց, որ բոլոր նմանատիպ միջոցառումները մեկ հիմնական նպատակ ունեն` ճանաչել թալիշական էթնիկ խմբի բնակության սահմանները, նրա պատմությունն ու մշակութային ժառանգությունը, պահպանել լեզուն, մշակույթն ու ավանդույթները:
«Մենք պատասխանտու ենք զանազան մշակութային դրսևորումների պահպանման համար, որպեսզի նպաստենք առավել հարուստ մարդկային քաղաքակրթության գոյակցմանը»,-ասաց Ալի Գրանմայեն` հիշատակելով այն թալիշ գիտնականների ու մտավորականների անունները, որոնք պատասխանտվություն են կրում թալիշական մշակույթի ու լեզվի պահպանման կարևոր գործում:
«Հասկանալի է, որ ազգային կամ գերակա /նորմատիվ/ լեզուն, որը ուսուցանվում է դպրոցներում և կիրառվում հաստատություններում, զբաղեցնում է վերադաս դիրք տեղական և էթնիկ լեզուների անտեսումն ու կորստի մատնումը հանուն մեկ այլ գերակա լեզվի: Երկլեզվյա թալիշը պետք է հպարատանա թե ազգային, թե մայրենի լեզվով խոսելու դեպքում: Մենք չենք կարող վերականգնել այն, ինչ կորսված է, սակայն կարող ենք փրկել այն, ինչ գոյություն ունի»,-ասաց բանախոսը:
Նա հիշեցրեց, որ նախկինում Հյուսիսային Իրանում տեղական լեզուների ուսումնասիրության շրջանակներում ազարին, թաթերենը, թալիշերենը, որպես միջին պարսկերենից կամ պահլեվերենից սկիզբ առած բարբառներ, նշվում էին միասին: Նրա խոսքով, ազարին գրեթե անհետացել է: «Եվ եթե հարցնեք մեկին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ազարին, ապա պատասխանը կլինի. «Ազարին թյուրքական բարբառ է, որը խոսվում է Ադրբեջանում»: Հույս ունեմ, որ թալիշերենին նույն ճակատագիրը չի սպասվում»,-խոսքն ավարտեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը: Այն իր աշխատանքը կշարունակի նաև վաղը: Միջոցառումը «Iran and the Caucasus» ամսագրի 15-ամյակին նվիրված և նրա կողմից իրականացվող հերթական գիտական միջոցառումն է:
Միջոցառման կայացմանը նպաստել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնը, Իրանագիտական կովկասյան կենտրոնը, Թուրքիայի, Իրանի և Կովկասի ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիան և ARMACAD-ը /Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան: Միջոցառման հովանավորն է Hyksos հիմնադրամը:
Նշենք, որ գիտաժողովին մասնակցում է մոտ 45 մասնագետ, որից 30-ը տարբեր երկրներից:
Թալիշագիտությունը իրանագիտության բաղկացուցիչ մասն է: Իրանում թալիշների՝ հնագույն այս ժողովրդի բնակության հիմնական տարածքը, այսպես կոչված, Թալիշի շրջանն է, որը բարակ գոտու ձևով փարվում է Կասպից ծովի հարավային ափին և հասնում մինչև Էնզելի նավահանգստից ոչ հեռու Քոփուլ-չալ բնակավայրը: 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմների հետևանքով թալիշները բաժանվել են երկու մասի և բնակվում են ներկայիս Իրանի հյուսիսային /Գիլան/ ու Ադրբեջանի հարավային շրջաններում: Թալիշներն ունեն ինքատիպ մշակույթ, որը հանդիսանում է Կասպից ծոցի հարավային սահմանամերձ մշակութային գոտուն բնորոշ:

No comments: