Saturday, November 12, 2011

Ռուսաստանցի քաղաքագետ. ԵԱՀԿ Մինսկի խումբն արել է այն, ինչ պետք է աներ` դադարեցրել է արյունահեղությունը

News.am. 12-11-2011- ԵԱՀԿ Մինսկի խումբն արել է այն, ինչ պետք է աներ` դադարեցրել է արյունահեղությունը, սակայն, ցավոք, ավելին անել նրան չի հաջողվել: Այդ մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն:
«Հիմա կարելի է արձանագրել այն փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ-ն փաստացի զբաղվում է սառեցված հակամարտություններով` չցանկանալով հետագա կարգավորում: Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ որոշակի միջազգային ուժեր, օրինակ, Եվրամիությունը, նույնպես որեւէ ակտիվացում չեն ցանկանում Հարավային Կովկասում: Այդ իսկ պատճառով էլ ասում եմ, որ ղարաբաղյան համակարտության, ինչպես նաեւ Կովկասի խնդիրների լուծումն ընդհանուր առմամբ, պետք է տեղափոխվեն տարածաշրջանային մակարդակ, այսինքն` առաջին հերթին Ռուսաստանի եւ Թուրքիայի քննարկման ներքո»,- նշեց Սոտնիչենկոն:
Այն հարցին, թե այսպիսով առաջարկում է հրաժարվել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությունից, քաղաքագետն ասել է. «Այո, կարծում եմ այդ միջնորդները տարածաշրջանից շատ հեռու են, եւ ընդհանուր առմամբ զբաղված են իրենց շահերը պաշտպանելով, քան հակամարտության լուծմամբ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը նրանց անվտանգությանը երբեք չի սպառնացել եւ չի սպառնա»:

No comments: