Saturday, November 26, 2011

ՆԱԽԱՐԱՐ ՕՀԱՆՅԱՆ. ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ, ՈՐՈՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՍՏԻՊԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ

«ԱԶԳ, 26-11-2011- «ԼՂ պաշտպանության բանակի ղեկավարությունը համապատասխան գործողություններ է ծավալում հակառակորդիՙ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կանխարգելման ուղղությամբ», վստահեցնում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ` շեշտելով, որ միջոցներ են կիրառվում, որոնք Ադրբեջանին կստիպեն հրաժարվել դիպուկահարների կրակոցներից:
«Գոյություն ունի զինադադարի վերաբերյալ պայմանավորվածություն: Մենք մշտապես պատրաստակամություն ենք հայտնում չխախտել դա, դիպուկահարներին հետ ենք քաշում, բայց Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում է դրանից», ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին եւ 20-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետեւանքով զոհվել էին 19-ամյա ժամկետային զինծառայողներ Արեն Սիմոնյանն ու Միհրան Մարգարյանը: Պաշտպանության նախարարությունը, դատապարտելով կատարվածը, հայտարարել էր, որ հայկական կողմը պատժիչ գործողություններ կձեռնարկի, եւ հակառակորդ կողմի զոհերն անհամաչափ կլինեն:
Օրեր առաջ «Ազգն» անդրադարձել էր զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացիների եւ զինծառայողների բախման հետեւանքով մի քանի զինծառայողներ տեղափոխվել էին հիվանդանոց: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է կատարի օրենքի պահանջները: Պետք է գան իրենց հարազատներին տեսակցության միայն նորմալ պայմաններում եւ հարգեն այն զինվորներին, ովքեր հսկիչ անցագրային կետերում ծառայություն են իրականացնում: Չպետք է փորձեն զինվորների վրա ճնշում գործադրել, յուրաքանչյուր նման դեպք օրինական իր հակազդեցությունն է ստանալու»:
Նախարարի գնահատմամբ` մշտապես փորձեր են արվում բանակի ներսում տիրող թերություններին ու բացթողումներին մեծ հնչեղություն հաղորդելու: «Դրանից էլ որոշ մարդիկ փորձում են օգտվել: Այդ օրը ծեծկռտուքից հնարավոր չէր խուսափել, քանի որ քաղաքացիները զինվորին տեսակցության էին եկել ոգելից խմիչք օգտագործած վիճակում եւ հրահրել էին ծեծկռտուք»:
Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերի եւ հարազատների պահանջին` որդիների ինքնասպանության գործը որակել սպանություն եւ պատժել մեղավորներին, Օհանյանն ասաց. «Այդ որակումները պարունակում են իրավական փաստեր, որեւէ որակում նախնական հետազոտման եւ նախնական տվյալների արդյունք է, որը քրեական գործի ընթացքում կարող է այս կամ այն ուղղությամբ փոխվել: Բանակի հրամանատարությունն այն կառույցն է, որն ամենալավն է տիրապետում, թե բանակում այսօր ինչ է կատարվում եւ ինչպես պետք է պայքարել վատ երեւույթների դեմ»:
Նախարարի խոսքերով` զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն ամենաշահագրգռվածն է, որ դեպքերի վերաբերյալ լիարժեք տեղեկություններ տրամադրվեն: «Մենք համատեղ աշխատում ենք, որովհետեւ նման գործերի ճիշտ բացահայտումն օգնելու է կարգապահության ամրապնդմանը եւ վատ երեւույթների կանխարգելմանը», շեշտեց Օհանյանը:
Պաշտպանության նախարարը դրական գնահատեց նաեւ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը: Նրա ներկայացմամբ` Գասպարյանը ՀՀ ԶՈՒ լավագույն մասնագետներից է, իր ոլորտին տիրապետող մարդ: Նախարարը հավելեց, որ Գասպարյանն իր լավագույն ընկերն է, եւ վստահեցրեց, որ նոր` ոստիկանապետի պաշտոնում էլ լավագույն որակները կներկայացնի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: