Sunday, November 13, 2011

Արմատական համարձակություն

«Լրագիր» 12-11-2011- “Հայկական ժամանակը” գրում է, որ կարճվել է Սաշիկ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների գործը: Նրանք պատասխանատվության չեն ենթարկվի այն կրակոցների համար, որ ըստ մամուլի հրապարակումների, հնչեցրել էին Հարսնաքար ռեստորանային համալիրում:
Ամեն ինչ ընկավ իր տեղը, այլապես տարօրինակ կլիներ, եթե իշխանությունը պատասխանատվության ենթարկեր նախագահի եղբոր եւ մերձավոր օլիգարխի թիկնապահներին: Չէ որ Սերժ Սարգսյանը նրանց ոչ թե հրահանգել է թիկնապահներ չունենալ կամ թիկնապահներին արգելել կրակել որտեղ պատահի, այլ ընդամենն ասել է, որ թիկնապահների երկար շարասյուն չպահեն:
Այնպես որ չի կարելի պատասխանատվության ենթարկել մի բանի համար, ինչը նախագահի հրահանգի խախտում չէ:
Թե չէ կստացվի, որ Հայաստանում արմատական ու համարձակ բարեփոխումներ են տեղի ունենում եւ այլեւս կապ չունի, թե ով է խուլիգանություն կամ հանցագործություն անողը՝ շարքային քաղաքացին, ընդդմության ակտիվիստը, թե իշխանության մերձավոր օլիգարխն ու նրա թիկնապահը՝ բոլորը օրենքի առաջ պատասխանատվության են ենթարկվելու հավասարապես, ու դատարանը, ոստիկանությունն ու իրավական ամբողջ համակարգը որեւէ կերպ ուշադրություն չի դարձնելու օրինախախտի “ազնվական” կամ սոցիալական ծագմանը:
Բայց, բոլորը կարող են հանգիստ շունչ քաշել հերթական անգամ: Երկրում ամեն ինչ ընթանում է ըստ հաստատված կարգի՝ ըստ հաստատված կարգի Հայաստանի իշխանության առաջին դեմքերը բարեփոխումների հավաստիացումներ են ներկայացնում միջազգային հանրությանն ու Հայաստանի քաղաքացիներին, եւ ըստ հաստատված կարգի ոչինչ չեն փոխում սեփական շրջապատի, մերձավորների, օլիգարխիայի համար:
Լինում է արդյոք այդպես: Հազիվ թե: Բանն այն է, որ Հայաստանում բարեփոխում հասկացությունը հոմանիշ է օլիգարխիայի եւ իշխանական զարմի անձնական շահի ոտնահարում երեւույթի հետ: Հեղափոխական ճանապարհով կլինի բարեփոխումը, արմատական, թե էվոլյուցիոն, միեւնույն է, դա իշխող դասի անձնական շահի ոտնահարման հոմանիշ է, քանի որ իշխող դասի անձնական շահն էլ Հայաստանում վաղուց արդեն ապօրինություն հասկացության հոմանիշն է:
Հայաստանը վերածվել է հոմանիշային խաչմերուկի, որից դուրս գալու համար բավարար չէ նախագահի մրցանակ տալ Սթիվ Վոզնյակին:
Հոմանիշային հորձանուտից դուրս գալու համար անհրաժեշտ է մրցանակներ սահմանելու փոխարեն, ապահովել արդեն իսկ սահմանված օրենքների հավասարությունը: Մինչեւ երկրում օրենքը եւ դրա առաջ հավասարությունը չդառնան անբեկանելի արժեք, մնացյալ բոլոր արժեքները կգան ու կանցնեն “սկվազնյակի” նման:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: