Friday, December 16, 2011

Ռուսաստանի հերթական սադրանքը

«Լրագիր» 15-12-2011- Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» սենսացիոն նորություն է հրապարակել, համաձայն որի Սիրիայի եւ Իրանի շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպել է Ռուսաստանի իշխանություններին շտապ կարգով կատարելագործել իր ռազմական խմբավորումները Հարավային Կովկասում, Կասպիական, Միջերկրական ու Սեւծովյան տարածաշրջաններում: Թերթը, հղում անելով ՊՆ իր աղբյուրներին, նշում է, որ Կրեմլը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ աջակցությամբ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: Հարվածը պետք է տեղի ունենա շատ շուտով: Թերթի աղբյուրների համաձայն, 2011թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին լիովին օպտիմալացվել է Հայաստանում ռուսական 102-րդ բազան: Զինծառայողների ընտանիքները տեղափոխվել են Ռուսաստան, իսկ Երեւանի մոտ տեղակայված ռուսական կայազորը կրճատվել է, իսկ այնտեղ տեղակայված միավորումները տեղափոխվել են Գյումրի՝ թուրքական սահմանին մոտ: Հենց Թուրքիայի տարածքից են սպասվում Իրանի օբյեկտներին ԱՄՆ հարվածները: Դեկտեմբերի 1-ից մարտական պատրաստվածության են բերվել նաեւ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղակայված ռուսական բազաները, որոնք այդ հակամարտությունում կարող են հանդես գալ հակաիրանական ուժերի կողմից:
Ռուսաստանը, թերեւս, պատրաստվում է հարձակվել Վրաստանի վրա: Նշվում է, որ եթե Հայաստանում ռուսական բազան չկարողանա վառելիք ստանալ Իրանից, Ռուսաստանը ստիպված է լինելու ճեղքել Վրաստանի բլոկադան, որպեսզի այն մատակարարի ցամաքային ճանապարհով:

Վերջին ժամանակներս հավանաբար ավելի սադրիչ բան չի հնչել:
Հայաստանի ԱԳՆ-ն պարտավոր է կամ հերքել տեղեկությունը, կամ էլ մեկնաբանել այն եւ պատասխանել մի շարք հարցերի: Առաջին, արդյո՞ք զինծառայողների ընտանիքները վերադարձել են Ռուսաստան: Ի՞նչ է անում Հայաստանի ղեկավարությունը, որ Հայաստանն ի դեմս ռուսական բազայի չներգրավվի պատերազմի մեջ: Արդյո՞ք Հայաստանը համաձայն է, որ Ռուսաստանը «ճեղքի» վրացական բլոկադան, որպեսզի իր բազային վառելիք մատակարարի: Եվ ընդհանրապես, կարո՞ղ է հայկական ԱԳՆ-ն բացատրություն տալ ռուսական բազայի գործառույթների վերաբերյալ:

No comments: