«Լրագիր» 16-12-2011- Սերժ Սարգսյանը մենակ է, լիովին մենակ՝ իր կոալիցիայով, ընդդիմությունով, պետական ապարատով: Այս իրավիճակն առաջացել է օբյեկտիվորեն՝ այն համակարգը, որ երկու տասնամյակ կերտել է հայկական քաղաքական դասը, այդ թվում եւ Սերժ Սարգսյանը, արտաքին ու ներքին նոր զարգացումների արդյունքում փլուզվել է, իսկ նորը չկա: Չկա, քանի որ հայկական քաղաքական դասն իրենից ներկայացնում է քաղաքական բախտախնդիրների, հանցագործների ու մանր առեւտրականների մի կոնգլոմերատ, որն ի վիճակի չէ մշակել ու առաջարկել որեւէ լուծումներ թե ներքին, թե արտաքին քաղաքական ճակատում:Քաղաքական դասը սովոր է եղել մի իրավիճակի, երբ իր փոխարեն որոշել են ուրիշները, իսկ ինքը ստանում էր «իր կտորը» կերակրատաշտից: Քաղաքական ուժերի ցուցանակի տակ երկրի կառավարման ոլորտ են թափանցել կրիմինալն ու քրեականացված բիզնեսը, որոնք թելադրել են իրենց կանոններն ու օրենքները:
Եւ ահա, նոր զարգացումների հարվածների տակ ավարտվել է «երանելի կյանքը», եւ պարզվել է, որ քաղաքական ու քրեականացված բիզնես «էլիտան» հայտնվել է շփոթի մեջ, չկողմնորոշվելով նոր իրավիճակում:
Այս պայմաններում, երբ նրանք պետք է արդեն որեւէ որոշում կայացնեն, ակնհայտորեն չեն կարողանում դա անել, քանի որ ի սկզբանե նման մեխանիզմ չի ներդրվել այդ կառույցներում: Օրինակ, ԲՀԿ-ն իբր խորհրդավոր լռություն է պահպանում, այդպես էլ չհայտարարելով՝ Սերժ Սարգսյանի՞ հետ է, Կոնգրեսի՞, Քոչարյանի՞, թե ինքնուրույն է գործելու: ՀՅԴ պահվածքը հիշեցնում է մեծածախ շուկայի մոտ գիշերը հերթ կանգնած առեւտրականներին, որոնք մտածում են, թե այսօր որ ապրանքից վերցնեն: Կոնգրեսը մեկ Սերժ Սարգսյանին, մեկ ԲՀԿ-ին է ինչ որ առաջարկներ անում: ՀՀԿ-ն չի հասկանում՝ Սերժ Սարգսյանի, թե Քոչարյանի հետ է պետք աշխատել: Դե, իսկ մյուս կուսակցությունների մասին ավելորդ է խոսել:
Շատերն են պնդում, թե Սերժ Սարգսյանն, իր հերթին, չգիտե ինչ անել, եւ ինքն էլ պետք է այսպես ասած կողմնորոշվի, թե ինչ ուժերի հետ է համագործակցելու: Ի տարբերություն քաղաքական ուժերի, Սերժ Սարգսյանի վիճակը բավական երկիմաստ է: Մի կողմից, համակարգի նախկին մեթոդոլոգիան է նրան «ճնշում», քանի որ նա սովոր չէ այլ մեխանիզմների: Մյուս կողմից, նա չի կարող չնկատել բոլոր փոփոխություններն ու հրամայականները թե ներքին, թե արտաքին ոլորտներում, որոնց հետեւանքով առաջացել է լիովին նոր իրավիճակ:
Սերժ Սարգսյանը հայտնվել է բավական հետաքրքիր վիճակում: Բանն այն է, որ նրա բոլոր հայտարարություններն ու քայլերը, կամ ավելի ճիշտ՝ քայլերի բացակայությունը խորացնում է համակարգի քայքայումը: Զուր չէ, որ նրանից դժգոհ են բոլորը՝ սկսած իր «հարազատ» կուսակցությունից, վերջացրած մյուսներով: Ընդ որում, երեւում է, որ Սերժ Սարգսյանը դա այսպես ասած հատուկ չի անում, ընդհակառակը, փորձում է ինչ որ այլ համակարգ կառուցել նախկինի փոխարեն: Սակայն, իրավիճակի ողջ հմայքն այն է, որ նախկին համակարգը դա թույլ չի տալիս, եւ երկրում շարունակվում է «համակարգային» ճգնաժամը:
Այսինքն, սա շանս է հասարակության համար, այն իմաստով, որ նա ժամանակ ու հնարավորություն է ստանում վերջապես իրեն վերադարձնել երկրի կյանքին մասնակցելու իր օրինական իրավունքը: Շատերը Հայաստանում ահազանգ են հնչեցնում «համակարգային ճգնաժամի» կապակցությամբ, սակայն այդպես էլ չեն բացատրում՝ որն է համակարգի պահպանման իմաստը, եւ որն է դրանում հասարակության շահը: Արդյոք այդ համակարգի պայմաններում հասարակությունը որեւէ հնարավորություն ուներ իրացնելու իր օրինական իրավունքները, կամ արդյոք կունենա, եւ ինչ երաշխիքներ կարող են հասարակությանն այս առումով ներկայացնել համակարգի ներկայացուցիչները, որոնք տասնամյակներ շարունակ խլել են նրանից ամեն մի իրավունք:
Կա իհարկե մտահոգություն, թե ինչ է լինելու վերջում: Սա արդեն հասարակության խնդիրն է, որը պետք է համահունչ լինի նոր իրավիճակին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա իրական զենքը նրա ներկայիս մենակությունն է, որի պարագայում նա կամ անփառունակ կհեռանա, կամ կդիմի հասարակության օգնությանն ու աջակցությանը: Այլ ճանապարհ Սերժ Սարգսյանը չունի:
Հայկ Արամյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment