News.am. 16-12-2011- Թուրքիայի վարչապետ Էրդողանի իշխող կուսակցությունը մրցակցում է քեմալիստների հետ` ալավիտ ընտրողների ձայների համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել հույն քաղաքագետ, Միջերկրածովյան, մերձարեւելյան եւ իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (CEMMIS) Սոտիրիս Ռուսոսը: Ըստ նրա` հենց այդ մրցակցության պատճառով Էրդողանը ներողություն խնդրեց Դերսիմի ջարդերի համար: Նշենք, որ այդ ընթացքում զոհվածների մեծամասնությունը քուրդ ալավիտներ էին: Ներկա պահին նահանգը ալավիտների կենտրոններից մեկն է եւ միակ նահանգը, որտեղ նրանք մեծամասնություն են կազմում:«Հույն կամ հայ ընտրողների ձայները նվաճելու հարկ, բնականաբար, չկա, հետեւաբար` հայերի կամ հույների ցեղասպանությանն առնչվող նախաձեռնություններ էլ չկան: Հետեւաբար այս դեպքերում համանման հայտարարություններ պետք չէ ակնկալել»,- ասել է հույն քաղաքագետը: Առավել եւս` դա չի անդրադառնա Կիպրոսի հանդեպ տարվող Թուրքիայի քաղաքականության վրա:
«Կիպրոսը թուրքական ռազմավարական ծրագրի միջուկն է: Այդ պատճառով կիպրոսյան հարցի վրա նման դեպքերը դժվար թե ազդեցություն ունենան»,- ասել է Ս. Ռուսոսը:
Հույների թիվը Թուրքիայում (մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրությունում ամենախոշոր քրիստոնեական խմբավորումներից) գնալով նվազում է: Եթե 1920-ական թվականներին այն 200 հազար էր, ապա 2006թ., Human Rights Watch-ի տվյալներով, Թուրքիայում ընդամենը 2,5 հազար հույն է ապրում: Այս թիվն էլ կրճատվելու միտումներ ունի:
Թուրքիայի հայերի թիվը 40-70 հազար է, որոնք հիմնականում Ստամբուլում են բնակվում: Հայ համայնքը եւս աստիճանաբար նվազում է, այդ թվում` ներգաղթի պատճառով: Գոյություն ունեն նաեւ, այսպես կոչված, «թաքնված» հայեր, որոնք թուրքական անուններով են հանդես գալիս: Նրանց մոտավոր թվի մասին տվյալներ չկան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment