«ԱԶԳ», 16-12-2011- «Թուրքերին ծնկի բերել ոչ ոք չի կարող»: Էգեմեն Բաղըշի այս խոսքերը կարող է օգտագործել յուրաքանչյուր քաղաքական գործիչՙ ազգայնական զգացումները «շոյելու» համար: Այս անգամ Բաղըշը, պատասխանելով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, թուրքերի համար «դոշ տվեց»: Քանի որ, ըստ Բաղըշի «հանդուգն» Սարգսյանն ասել է, թե «թուրքերը մեր առջեւ ծնկի են գալու»: Մինչդեռ Սարգսյանը, ում խոսքերը հաճախ են աղավաղվում թուրքական մամուլում, բավականին տարբեր բան էր ասել: Հայաստանի նախագահն ի՞նչ է ասել Մարսել քաղաքում սփյուռքին ուղղված իր ելույթում: Որքանով ես ըմբռնեցի ֆրանսերեն լուրերի տեքստերիցՙ Սարգսյանը հույս էր հայտնել, որ Թուրքիայում ներկայիս ժողովրդավարացման գործընթացի շարունակման դեպքում Թուրքիան կարող է առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ: Սարգսյանն ասել էր. «Այստեղ խոսք չի գնում ոչ նախապայմանի, ոչ էլ վրեժխնդրության զգացմանը հագուրդ տալու մասին... Վաղ թե ուշՙ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա իրական եվրոպական երկրին հարիր ղեկավարություն, որը Ծիծեռնակաբերդում (Երեւանում ցեղասպանության հուշարձան) հարգանքի տուրք կմատուցի» (բառացի` «գլուխ կխոնարհի»: - Խմբ.)Ով գիտիՙ միգուցե ազդվել է վարչապետ Էրդողանի կողմից Դերսիմի համար պետության անունից ներողություն խնդրելուց եւ կամ այդ պատմական ներողության առջեւ թուրք ժողովրդի ցուցաբերած հանգստությունից եւ հասունությունից... Սակայն Սարգսյանն իր ելույթի որեւէ հատվածում չի ասել. «Թուրքերը ծնկի են գալու»:
Ինչո՞ւ է այդպես հասկացել ԵՄ անդամակցության հարցերով մեր գլխավոր բանագնացը: Միգուցե նրան շփոթության մեջ են գցել Սարգսյանի ասածները չուսումնասիրած իր խորհրդականները: Ինչեւէՙ Բաղըշն իր զայրութը արտահայտել է Սարգսյանին դիմելով եւ ասելով. «Դու քո ազգին քաղցից, աղքատությունից արդեն իսկ անելանելի վիճակի մեջ ես դրել: Հայաստանի բնակչությունը քաղցից 4 մլն-ից հասել է 2 մլն-ի: Մարդիկ աշխարհի չորս կողմերն են փախչում: Մի մասն էլ մեր երկիր է եկել: Այստեղ մեր երեխաներին, մեր տարեցներին են խնամում: Դա թուրք ազգի մեծահոգության վկայությունն է»:
Այո, Հայաստանն աղքատ է: Մեկ անձին բաժին ընկնող տարեկան ազգային եկամուտը կազմում է մոտ 2 000 դոլար, միլիոնավոր մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ եւ Եվրոպայում ապաստանելու համար մեկնում են անօրինական ճանապարհներով, ինչպես մեր հարավարեւելյան շրջաններում է... Սակայն ես ապրել եմ Հայաստանում, ինչպե՞ս է, որ առաջին անգամ պարոն Էգեմենից եմ տեղեկանում, որ մարդիկ Հայաստանում քաղցից մեռնում են:
Այո, Թուրքիայում անօրինական աշխատող Հայաստանի մի քանի հազար քաղաքացիներ կան, որոնց մեծամասնությունը կանայք են: Պետությունն էլ նրանց վրա աչք է փակում: Սակայն ինձ համար ծիծաղաշարժ է այդ հանգամանքը որպես գթություն ներկայացնելը եւ արտաքսումով սպառնալը: Նրանց նման հազարավոր անօրինական թուրքմեններ, ուզբեկներ, վրացիներ եւ մոլդովացիներ կան, որոնք խնամում են «մեր երեխաներին, տարեցներին»: Պետք է հենց նրանց գոյությունը բարեգթություն համարել, քանզի նրանց շարքերում շատ մասնագետներ կան, եւ նույն աշխատանքները թուրք քաղաքացիների համեմատությամբ ավելի էժան են անում: Առանց որեւէ ապահովագրության: Դա էլ մեկ այլ հարց է:
Երանի թե պետությունը Թուրքիայում աշխատող հայ կանանց «լավություն» անելու փոխարեն գլուխ կոտրեր հայ կանանց նկատմամբ արված «վատությունների» վրա: Ես խոսում եմ նախկին Խորհրդային Միության տարածքից խաբեությամբ Թուրքիա բերված եւ իրենց մարմինները վաճառող «սեռական ստրուկների» մասին: ԱՄՆ պետդեպարտամենտի հունիս ամսին հրապարակված «Մարդկային թրաֆիքինգի զեկույց 2011 թ.» վերնագրով ուսումնասիրության համաձայնՙ Թուրքիան շարունակում է մնալ կանանց առեւտրի միջազգային կենտրոններից մեկը:
Դրա վերջին օրինակն էլ մարմնավաճառների խումբն էր, որը, պնդում են, ստեղծվել է Ջուբելի Ահմեթ Հոջայի կողմից: (Ջուբելի Ահմեթ Հոջան հոգեւոր առաջնորդ է Թուրքիայում, որը ղեկավարում է կրոնական աղանդներից մեկը):
Համաձայն ԱՄՆ զեկույցի, որտեղ անդրադարձ է եղել հոկտեմբերի 28-ին «Սավարոնա» զբոսանավի վրա մարմնավաճառների դեմ կազմակերպված գործողության ընթացքում հայտնաբերված 17-ամյա մարմնավաճառներին, Թուրքիայի կառավարությունը առեւտուրը դադարեցնելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին չի համապատասխանում, բայց կրկին «լուրջ ջանքեր է գործադրում»: Մյուս կողմից, չնայած նախորդ տարվա համեմատ կիսով չափ նվազել է արձանագրված սեռական շահագործման դեպքերը (կարծում եմ, նվազել է ակնարկվող պայքարի վճռականությունը), մարմնավաճառությանը զոհ գնացած որոշ կանայք, նրանց թվում եւ Հայաստանի քաղաքացիներ, ձերբակալվում եւ արտաքսվում ենՙ առանց նրանց վիճակը բավարար ուսումնասիրելու: Այդ կերպ նրանք կրկին վաճառողների ցանցն են ընկնում: Ամեն պարագայում խեղճերը չեն ասում. «Դա թուրք ազգի մեծահոգության վկայությունն է»:
ԱՄԲԵՐԻՆ ԶԱՄԱՆ, «Հաբերթյուրք», 13 դեկտեմբերի, 2011թ.

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment