«Լրագիր» 16-12-2011- Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Ազատություն ռադիոկայանի եթերում քաղաքական ուժերին առաջարկել է մշակել միասնական պլատֆորմ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար, երկրում ազատ եւ արդար ընտրության նպատակով:Ընդ որում, նա չի բացառել համագործակցությունը ոչ ՀՅԴ-ի, ոչ Ժառանգության, ոչ էլ կոալիցիոն կուսակցությունների հետ: Իսկ ամենակարեւորը՝ նա փորձել է վերացնել գլխավոր խոչընդոտը, որը նախկինում թույլ չէր տալիս ստեղծել միասնական պլատֆորմ: Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսն այդ գործում չի հավակնում առաջնորդության:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե նոր Ընտրական օրենսգիրքն արդեն ընդունվել է այս տարվա գարնանը, եւ ոչ ոք չի պատրաստվում այն փոխել: Մյուս կուսակցություններն առայժմ չեն արձագանքել առաջարկին, թերեւս այն համարելով հնացած:
Նման առաջարկով պետք էր հանդես գալ մինչ նոր օրենսգրքի ընդունումը, սակայն այդ ժամանակ Կոնգրեսը Սերժ Սարգսյանին առաջարկեց երկխոսություն: Ողջ ամառ Կոնգրեսը զբաղված էր երկխոսությամբ եւ արդյունքում ոչինչ չստացավ, փոխարենը կորցրեց ժամանակ:
Հիմա իսկապես ուշ է, եւ առաջնորդությունից հրաժարվելն էլ չի օգնի: Չի օգնի նաեւ ժողովրդական ճնշումը կիրառելու խոստումը՝ ժամանակը բաց է թողնվել: Եւ ավելի լավ է պլատֆորմ ստեղծել ուրիշ բանի համար: Ասենք, ընտրությունների բոյկոտ նման Ընտրական օրենսգրքի պարագայում: Կամ էլ, ընտրություններին դիտորդների համատեղ խմբերի ձեւավորում: Կամ էլ նույնիսկ ընդդիմության միասնական ճակատ՝ եթե պետք է երազել, ուրեմն՝ մինչեւ վերջ:
Նաիրա Հայրումյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment