Monday, January 30, 2012

ԼՂ հարցով ներկայացված վերջին տարբերակն ունի 14 սկզբունք, որոնցում մեծ գաղտնիք չկա. ԱԳ նախարար

News.am. 30-1-2012- Ղարաբաղի հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից ներկայացված վերջին տարբերակը, որը գտնվում է բանակցությունների սեղանին՝ դա 2011թ. մարտի առաջարկներն են: Այս մասին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, «Մեծ Ութնյակի» շրջանակներում, Օբամայի եւ Սարկոզիի մակարդակով ընդունված Դովիլի հայտարարության մեջ կոչ էր արվում այդ տարբերակի շուրջ համաձայնության գալ, ու պատճառը հայտնի է, թե ինչու համաձայնության չեկան: «Որովհետեւ ադրբեջանական կողմը, ինչպես եւ եղել էր 2011 թ. մարտին Սոչիում, երբ տասից ավելի փոփոխություններ եւ նոր առաջարկներ էր բերել վերջին վայրկյանին, նույնն արեց Կազանում՝ հունիսին»,-ասաց Նալբանդյանը: Նա նշեց, որ այդ տարբերակի հիմքում 14 սկզբունքներ են ընկած: «Իրականում մեծ գաղտնիք չկա այս սկզբունքների մեջ եւ անգամ Դովիլից առաջ մենք բազմիցս ներկայացրել էինք: Միգուցե ոչ այսպես կետ առ կետ, բայց ներկայացրել էինք: Եվ դա ասում է այն մասին, որ մենք ինչ անում ենք, դա էլ ասում ենք, եւ ինչ ասում ենք, դա էլ անում ենք: Եվ թե Լ՛Աքվիլայից հետո, թե Մուսկոկայից հետո, թե Դովիլից հետո մենք հայտարարեցինք, որ ողջունում ենք այդ հայտարարությունները եւ պատրաստ ենք դրանց հիման վրա, այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք էին բերվել այս վերջին չորս տարվա ընթացքում, գնալ առաջ: Բոլոր հայտարարությունները, որոնք արվել են եռանախագահների մակարդակով, նաեւ ԵԱՀԿ շրջանակներում, համահունչ են մեր մոտեցումներին եւ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններին: Եվ մենք պատրաստ ենք դրա հիման վրա գնալ կարգավորման: Ինչը չենք լսում Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:

No comments: