Thursday, January 12, 2012

«Հայացք». ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ պատերազմին նաև Վրաստանում

Վրաստանում խորհրդարանական և նախագահական ընտրությունների ավարտից հետո, ԱՄՆ օրհնությամբ, Վրաստանի նախագահ կդառնա Իրակլի Ալասանիան, Բիձինա Իվանիշվիլին կստանձնի վարչապետի պաշտոնը, իսկ Միխեիլ Սահակաշվիլին կդառնա խորհրդարանի նախագահ: Այսպիսի սենսացիոն կանխատեսմամբ հանդես է եկել գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Էլիզբար Ջավելիձեն, որը «Ժողովրդական ներկայացուցչական ժողով» ընդդիմադիր շարժման խորհրդի անդամ է: Ըստ նրա` նախագահ Սահակաշվիլու և ընդդիմադիր օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու միջև հակադրությունը այլևս շատ կողմերով ձևական է: «Իվանիշվիլին և Ալասանիան այժմ դաշնակիցներ են, որոնք պայքարում են գործող ռեժիմի դեմ մինչև որոշակի աստիճան, որից այն կողմ իրականում էլ չեն պայքարում: Ալասանիան, ում ես նորմալ մարդ էի համարում, այժմ ամեն շաբաթ մեկնում է ԱՄՆ և հանդիպում հայտնի Մաքքեյնի հետ, որին մեծ մարդ է համարում, և որը իրականում մեծ ավանտյուրիստ է: ԱՄՆ-ին չի մտահոգում ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը Վրաստանում: Գործնականում հենց ԱՄՆ դեսպանի հրամանով անցած տարվա մայիսի 26-ին իշխանությունը վրացիների արյունը հեղեց Ռուսթավելի պողոտայում: Բայց նրանք իզուր են հույսեր կապում ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է Ջավելիձեն: Նրա պնդմամբ` ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածել Իրանին, հնարավոր է լայնածավալ պատերազմ, և հենց այդ պատճառով էլ Վրաստանի նախագահը շրջագայում է երկրով մեկ, 20-25 մահճակալանոց փոքր հիվանդանոցներ հիմնում, որոնք իրականում ռազմական հոսպիտալներ են դառնալու: Ջավելիձեի կարծիքով` ինչպես հիշյալ հիվանդանոցների կառուցումը, այնպես էլ օդանավակայանների հրատապ վերակառուցումը, հիմնանորոգումը և նորերի հիմնումը ֆինանսավորվում է Վաշինգտոնից` Իրանի դեմ հավանական պատերազմում օգտագործելու համար: «Մեծ պատերազմը ԱՄՆ-ի և Իրանի միջև կսկսվի Պարսից ծոցում, դրա համար էլ Վրաստանում 5 միլիարդ հատկացվեց այդ հիվանդանոցների և օդանավակայանների կառուցմանը, ինչը արվում է շատ արագ տեմպերով, հիմնականում ամերիկացիների փողերով: Դրա համար են խոսակցություններ շրջանառվում, որ Քոլևիում պետք է կառուցվի ամերիկյան սուզանավերի համար նախատեսված հատուկ նավահանգիստ: Եվ առհասարակ Լազիկա քաղաքի կառուցման նախագիծն էլ Վրաստանում ամերիկյան բազաների տեղակայման հետ է կապված, որովհետև Լազիկան պետք է դառնա ամերիկյան ռազմական քաղաք, իսկ Մառնեուլում արդեն իսկ քողարկված ռազմական օդանավակայան է կառուցվում: Եվ եթե Իրանի հետ պատերազմի դեպքում Թեհրանը հրթիռային հարվածներ հասցնի Վրաստանում տեղակայված ամերիկյան բազաներին, ո՞վ է պաշտանելու մեր երկիրը: Սահակաշվիլին ի վերջո հասցնելու է նրան, որ Ռուսաստանը մեզանից ուղղակի կխլի ոչ միայն Քոլևին և Անակլիան, այլև հարցականի տակ կդրվի ողջ Մեգրելիայի տարածաշրջանի ճակատագիրը»,- հայտարարել է Ջավելիձեն:

No comments: