Wednesday, January 18, 2012

Հրանտ Դինքին սպանած Յասին Հայալը ցմահ դատապարտվեց

Tert.am. 17-1-2012- Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանն «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին։ Ըստ թուրքական Today’s Zaman պարբերականի՝ գործով անցնող մյուս մեղադրյալ Էրհան Թունցելն արդարացվել է սպանության գործով, սակայն մեղավոր է ճանաչվել 2004թ. Ստամբուլի McDonalds’-ի պայթյունը կազմակերպելու գործում ունեցած դերի համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը քննադատել է դատարանի վճիռը՝ ասելով, որ դա նշանակում է, որ «քաղաքական սպանությունների պետական ավանդույթը» միտումնավոր կերպով անփոփոխ մնաց, քանի որ այն չի առնչվում 2007թ. Դինքի սպանությանը պետության ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներին։ «Հինգ տարի տևած դատական գործընթացի ընթացքում նրանց ծիծաղեցին մեզ վրա։ Մենք չէինք սպասում, որ նրանք ամենամեծ կատակը կթողնեին վերջին պահի համար»,- դատարանի վճիռը հայտարարվելուց հետո ասել է նա։ «Այս վճիռը նշանակում է, որ մի սովորույթ անփոփոխ մնաց՝ քաղաքական սպանությունների պետական ավանդույթը, որով այն խտրականություն է դնում իր որոշ քաղաքացիների նկատմամբ և նրանց վերածում թշնամիների»,- ավելացրել է Չեթինը։ Դինքի ընտանիքի փաստաբանը նաև խոստացել է օգտագործել դատական բոլոր հնարավոր միջոցներն ընդդեմ դատարանի վճռի՝ վստահեցնելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը Դինքի գործի միայն սկզբնական փուլն է։ Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության շենքի դիմաց 2007թ. հունվարի 19-ին։ «Հրանտի ընկերներ» կոչվող խումբը, որի անդամները դատական բոլոր նիստերի ժամանակ բողոքի ցույցեր է կազմակերպել դատարանի շենքի առջև, այսօր նույնպես հավաքվել էին Ստամբուլի առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց: Հարյուրավոր մարդիկ մեկնել էին ցուցապասառներ «Դատական այս գործն այսօր չի ավարտվի» վերտառությամբ: Դատախազը դատարանից պահանջել էր ցմահ դատապարտել Դինքի սպանությամբ մեջ մեղադրվող յոթ մարդու, իսկ դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ ինքը կբողոքարկի դատարանի վճիռը: «Արդեն հինգ տարի է, որ բոլոր փաստերն ակհայտորեն ցույց են տալիս, որր մենք չենք բավարարվի սպանությունը գործած երկու կամ երեք մարդկանց պատժելով»,- «Հրանտի ընկերներ» խումբ ասել էր երկուշաբթի արած հայտարարության մեջ:

No comments: