Wednesday, January 18, 2012

Պետության քաղաքական սպանությունների սովորույթը շարունակվում է. Դինքի փաստաբան

News.am. 18-1-2012- Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում հունվարի 17-ին Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճից հետո Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը հայտարարել է, թե չէին սպասում դատական գործընթացի` նման վերջաբանով հանգուցալուծման։ Ֆեթհիյե Չեթինը դատավճռի հետ կապված հայտնել է իր զարմանքը եւ շարունակել. «Ի՞նչ է այս որոշումը նշանակում։ Սա նշանակում էր, որ շարունակվում է պետության քաղաքական սպանությունների եւ քաղաքացիների մի մասին թշնամի ներկայացնելու սովորույթը։ Այս որոշումը դրա ապացույցն է։ Այս դատը հրաշալի առիթ էր՝ ցույց տալու որ Թուրքիան ժողովրդավարացել եւ արյունոտ պատմության հետ առերեսվել է, սակայն այդ առիթը չօգտագործվեց։ Մեզ համար այս դատը դեռ չի վերջացել, այն նոր է սկսվում»,-նշել է Ֆեթհիյե Չեթինը։ Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց, սակայն դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Հիշեցնենք, որ թուրքական դատարանը Դինքիս սպանությունն իրականացնող Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա: Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։

No comments: