Zham.am. 11-1-2012- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ոչ մի թիզ հող չպետք է պակասի: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արտահայտեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
“2012թ. ԼՂՀ-ն ռազմաքաղաքական հզոր պոնտենցիալով է մտել: Այն պինդ է, հզոր է, ո՛չ մի թիզ հող, ո՛չ մի փոխզիջում, իսկ մնացածը ժամանակի հետ լուծվող հարցեր են”,- ասաց քաղաքագետը:
Խոսելով Հայաստանում ներքաղաքական խնդիրների մասին, Լևոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց ինտելեկտուալ մակարդակը. “Պետք է նոր ուժեր բերվեն քաղաքական դաշտ: Հայաստանն ինտելեկտուալ և ռազմական էլիտայի փոփոխության կարիք ունի: Մենք պետք է մի քիչ մոռանանք ջարդերի մասին և ավելի շատ ապրենք մեր հզոր մշակույթով և բարձրացնենք կրթության որակը”,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումներին, քաղաքագետը նշեց. “Հայկական հարցում աշխուժացում է նկատվում: Եվրոպական քաղաքականությունը բավականին նուրբ է և խելացի: Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը կոնկրետ Հայոց ցեղասպանության մասին չէ, այլ ընդհանրապես ցեղասպանությունների, բայց մենք այդ օրինագիծը դարձրեցինք հայկական բանաձև: Կարևոր հարց է` կմտնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Եվրամիություն: Հարցը դրված է. ֆրանսիացիներն այս ուղղությամբ աշխատում են գերմանացիների հետ, սակայն Գերմանիայում թուրքական համայնքը շատ մեծ ազդեցություն ունի”,- և հավելեց, որ Հայկական լոբբին Ֆրանսիայի Սենատի ընդունումից առաջ պետք է մի քանի դրույթներ ավելացնի օրինագծի մեջ` մասնավորապես Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ ԵՄ-ի կողմից և ԼՂ հարցում առաջընթաց:
“Ֆրանսիայի Սենատը կգնա մինչև վերջ և կընդունի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը` անվտանգության երաշխիքներով”,- եզրափակեց քաղաքագետը:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment