Thursday, February 23, 2012

Հայաստան կգա ԵԱՀԿ 250 դիտորդ

«Լրագիր» 21-2-2012- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը փետրվարի 22-ին հրապարակել է զեկույց Հայաստանի իրավիճակի մասին, որը բնորոշում է ընդդիմության եւ իշխանության միջեւ խորը անվստահությամբ: Զեկույցի մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Ըստ Ազատության, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մտադիր է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ազատությունը հայտնում է, որ այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցում, որտեղ ամփոփված են հունվարի 30-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված «Կարիքների գնահատման» առաքելության արդյունքները: ԺՀՄԻԳ-ի գնահատման առաքելությունը, Հայաստանի իշխանությունների, ընտրական գործընթացի պատասխանատուների, քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում ամփոփելով խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում տիրող իրավիճակը, հանգել է եզրակացության, որ Հայաստանի քաղաքական մթնոլորտը բնորոշվում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ խորը անվստահությամբ: «Թեւ ընտրական գործընթացը կարգավորող բարեփոխված օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ապահովելու ներուժ ունի, բայց միայն օրենսդրությունը չի կարող դա երաշխավորել: Հիմնական մարտահրավեր է մնում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը բոլոր շահագրգիռ կողմերի հավասար եւ պատշաճ մասնակցությունը», - նշված է զեկույցում: Արձանագրելով, որ իշխանությունների կողմից ընտրությունների նախապատրաստումն ընթանում է բնականոն եւ նորմալ հունով, ԺՀՄԻԳ-ը միաժամանակ նշել է, որ իրենց` հիմնականում ընդդիմադիր զրուցակիցները «մտահոգություն են հայտնել բազմակի քվեարկությունների, վարչական ռեսուրսների չարաշահման հնարավորության եւ ընդդիմադիր կուսակցություններին սատարող գործարարների նկատմամբ հնարավոր ճնշումների առնչությամբ»: «Մեր զրուցակիցները տարբեր կարծիքներ են հայտնել ընտրական գործընթացի պատասխանատուների վստահելիության վերաբերյալ` վստահության լիարժեք բացակայությունից մինչեւ համոզմունք, որ ընտրական հանձնաժողովները կգործեն պրոֆեսիոնալ, թափանցիկ եւ հաշվետու», - նշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը` ընդգծելով, որ «առաջին անգամ հնարավոր է լինելու ընտրողների ցուցակները ներբեռնել ինտերնետից, բայց ընդդիմության ներկայացուցիչները մտահոգված են ցուցակներում հնարավոր չարաշահումների կապակցությամբ»: «Մեր բազմաթիվ զրուցակիցներ հայտարարել են, որ արտերկրում բնակվող մի քանի հարյուր հազար ընտրողների անուններ շարունակում են մնալ ընտրացուցակներում, եւ որ նախորդ ընտրություններում այդ անձանց փոխարեն քվեարկություններ են եղել», - արձանագրված է փաստաթղթում: Անդրադառնալով բարեփոխված Ընտրական օրենսգրքի այն պահանջին, որ բոլոր տեղական դիտորդները պետք է որակավորման սերտիֆիկատներ ստանան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից թեստավորման արդյունքներով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մեջբերում է իրենց հետ զրույցներում արտահայտված այն մտահոգությունը, որ դա վարչական խոչընդոտ է եւ կարող է բացասական ազդեցություն ունենալ դիտորդական առաքելության վրա: Հայաստանի լրատվական դաշտը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության բազմաթիվ զրուցակիցների կողմից բնորոշվել է որպես «կողմնակալ»: «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է ընտրարշավի լուսաբանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պատասխանատու մարմինը: Բայց դեռ հստակ չէ, թե ինչպես է հանձնաժողովը վերահսկելու Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, որոնք հատուկ պարտավորություններ ունեն պաշտոնական քարոզարշավի ժամանակ», - նկատում են զեկույցի հեղինակները: Ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները արտահայտել են թափանցիկ եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց հստակ մտադրությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացնում է, որ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է հետեւեն թեկնածուների գրանցման գործընթացին, ընտրարշավին, իսկ կարճաժամկետ դիտորդները կհետեւեն քվեարկությանը, հաշվարկին եւ արդյունքների ամփոփմանը: «Հայաստաի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են, որ հրավերը կուղարկվի ընտրությունների եւ քարոզարշավի ժամկետների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո», - նշված է փաստաթղթում: Այդ մասին հաղորդում է Ազատությունը ռադիոկայանը:

No comments: