Monday, February 13, 2012

Ինչ է լինելու Սիրիայի հայ համայնքը

«Լրագիր» 13-2-2012- Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր ժամանում է Հայաստան: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստան է ժամանել ռուս պաշտոնյաների մի ամբողջ խումբ, այդ թվում, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ով հայտարարել է հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին: Ակնհայտ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցը կապված է Սիրիայի եւ Իրանի իրավիճակի հետ: Սիրիան այսօր մերժել է Արաբական երկրների լիգայի բանաձեւը, որը կոչ էր անում ՄԱԿ եւ արաբական երկրների համատեղ խաղաղապահ զորքեր մտցնել Սիրիա, ինչպես նաեւ ներառում էր աջակցություն սիրիական ընդդիմությանը եւ Դամասկոսի դեմ տնտեսական սանկցիաներ: Այսօր նախատեսված է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Սիրիայի հարցի քննարկումը: Հայաստանը պաշտոնական մակարդակով չի արձագանքում Սիրիայի իրավիճակին: Երկու տարի առաջ Երեւանն ընդունել էր Բաշար Ասադին եւ հավաստիացրել հայ-սիրական հարաբարերություններին հավատարիմ լինելը: Այժմ, երբ արեւմտյան հանրությունը եւ սուննի արաբական երկրներն արդեն չեն թաքցնում, որ ձգտում են Ասադի հեռացմանը, Հայաստանն իր աջակցությունը չի հայտնում Սիրիայի նախագահին: Ընդ որում, չի հայտարարում նաեւ ընդդիմությանն աջակցելու մասին: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, «խաղադրույքը» Սիրիայի հայ համայնքի ճակատագիրն է, որը տարբեր տվյալներով կազմում է 80-150 հազար մարդ: Միջազգային վերլուծաբանները ենթադրում են, որ Ասադի ալավիական վարչակարգի տապալումը կարող է հանգեցնել սուննի ծայրահեղական տրամադրությաների աճին, որի արդյունքում կսկսվի երկրից քրիստոնեական համայնքների հեռանալը: Սիրիայիում Հայաստանի հյուպատոս Կարեն Գեւորգյանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ հայ համայնքն առայժմ համեմատական անվտանգության մեջ է: Սակայն իրավիճակը փոխվում է ամեն օր, եւ արդեն ոչ ոք չի բացառում «խաղաղարարների մուտքը» Սիրիա: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ հարցը կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է՝ ինչպես դիվանագիտական ուղիների, այնպես էլ համայնքի ներկայացուցիչների հետ ուղիղ կապերի միջոցով: Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումները կձեռնարկվեն մեր հայրենակիցներին առավելագույն օգնություն ցույց տալու համար: Սուննի Թուրքիան ակտիվորեն աջակցում է Սիրիայի ապստամբների շարժմանը: Այն արդեն ապաստան է տվել Սիրիական ազգային խորհրդին եւ «Սիրիայի ազատ բանակին», որը կազմված է սիրիացի ապստամբ զինվորականներից: Նաիրա Հայրումյան

No comments: