Saturday, February 18, 2012

Իրանն աշխարհը սառը պատերազմի մեջ է ներքաշում. Վիլյամ Հեյգ

Tert.am. 18-2-2012- Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ եթե Իրանին հաջողվի միջուկային զենք ստեղծել, աշխարհը կվերադառնա 1960-ական թթ. «սառը պատերազմի» (1940-1990-ական թթ. աշխարհաքաղաքական, տնտեսական և գաղափարական հակամարտություն Սովետական Միության (և նրա դաշնակիցների) և ԱՄՆ-ի (և նրա դաշնակիցների) միջև) վիճակին: Ինչպես հաղորդում է Zman.com կայքը, Հեյգն ընդգծել է, որ, իր կարծիքով, այդ դեպքում իրադրությունն ավելի վտանգավոր է լինելու, քան Կարիբյան ճգնաժամի (ճգնաժամն սկսվեց 1962թվականից, երբ ԱՄՆ-ը հայտնաբերեց, որ Խորհրդային Միությունը միջուկային հրթիռներ է տեղադրել Կուբայում- Tert.am ) ժամանակաշրջանում: «Իրավիճակն ավելի բարդ է լինելու, քանի որ Իրանն արաբական երկրներին էլ ստիպելու միջուկային զենք ստեղծել, և հաշվի առնելով տարածաշրջանում առկա լարված իրավիճակը, կարելի է ասել, որ մեկ կայծն էլ է բավարար, որպեսզի ամեն ինչ պայթի»,-հավելել է նա: ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ-ը պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։ Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել: Կայքն ընդգծում է, որ Հեյգը, սակայն, դժվարացել է հայտնել, թե ինչ պետք է արվի` Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար: Վարչապետը մի կողմից խոստովանել է, որ Իրանի նկատմամբ սահմնաված պատժամիջոցները հնարավոր է` արդյունավետ չլինեն, բայց մյուս կողմից ընդգծել է, որ մեծ Բրիտանիան դեմ է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը: Հեյգն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ճնշում է գործադրում Իսրայելի վրա, որպեսզի նա «նման քայլի չդիմի»: Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ–ի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին վերջին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։ Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։ Վերջերս ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարծիք էր հայտնել, որ Իսրայելն Իրանի վրա կարող է հարձակվել այս տարվա գարնանը:

No comments: