Saturday, February 11, 2012

Սովորեք Ֆրանսիայից, նոր ասեք «մերսի»

«Լրագիր» 10-2-2012- Հայկական համացանցում տարածվեց հոլովակ, որում պատկերված էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ քնող պաշտպանության նախարարը: Հոլովակի տարածմանը պաշտպանության նախարարությունը բավական կոշտ էր արձագանքել, զանգահարելով այն տեղադրած լրատվամիջոցին եւ սպառնալով հանել այն: Դա արել էր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը: Արարքն, ինչ խոսք, շատ ավելի վատ է, քան ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ քնելը: Նախ, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն իրավունք չունի որեւէ բովանդակային պահանջ ներկայացնել որեւէ լրատվամիջոցի: Եթե ունի իրավական հիմքեր, ապա կարող է դատական հայց ներկայացնել լրատվամիջոցի դեմ, իսկ պահանջել հանել այս կամ այն նյութը՝ նախարարի մամուլի քարտուղարն ուղղակի իրավունք չունի: Բացի այդ, հոլովակն արդեն բավականաչափ տարածվել էր համացանցում, եւ գրեթե մի ամբողջ օր անց զանգահարել եւ լրատվամիջոցին ինչ որ պահանջ ներկայացնելը ոչ թե հարց էր լուծելու, այլ էլ ավելի էր խորացնելու աղմուկը, ինչը փաստացի նաեւ տեղի ունեցավ: Պաշտպանության նախարարության համարժեք արձագանքը կլիներ այն, որ պարզապես ներկայացվեր բացատրություն, որ նախարարը բավական երկար աշխատել էր, նախորդ օրը չէր քնել եւ այդ իսկ պատճառով նրա ուժերը մի պահ դավաճանել էին իրեն: Ի վերջո, բոլորի համար էլ հասկանալի է, որ նախարարն էլ մարդ է, իսկ այդպիսի բան՝ երբ հանրային միջոցառմանը քունը կարող է տանել, կպատահի թերեւս ցանկացած մարդու հետ: Ի վերջո, պաշտպանության նախարարի գործունեության մեջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ննջելը կամ քնելը այսպես ասած ամենամեծ բացթողումը չէ, եւ հանրությունն ունի նախարարին քննադատելու բազմաթիվ այլ, ավելի լուրջ պատճառներ: Մամուլի քարտուղարը, իր քայլով, փաստացի ավելացրել է այդ պատճառները: Այդ ամենից բացի, հոլովակում նկատելի էր, որ քնում է ոչ միայն նախարարը, այլ գրեթե բոլոր նախարարները: Օրինակ, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի աչքը գրեթե «կպնում» էր, տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը բավական համոզիչ հորանջում էր, վարչապետ Տիգրան Սարգսյանի տեսքից էլ երեւում էր, որ նա առնվազն հոգեբանորեն պատրաստ է քնելու, պարզապես ֆիզիկական ուժերը դեռ չեն դավաճանել: Նախորդ տարվա դեկտեմբերին, Ֆրանսիայի արտգործնախարարության նախաձեռնությամբ եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջարկությամբ, Հայաստանից լրագրողների փոքր խմբի կազմում բախտ ունեցա լինել Ֆրանսիայում եւ այցելել նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողով: Այցելությունը հենց այն օրն էր, երբ պետք է տեղի ունենար ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: Ազգային Ժողովի շենքում մեծ իրարանցում էր, մեծ սպասում, բոլորը՝ թե լրագրողները, թե բազմաթիվ այլ աշխատակիցներ եւ հյուրեր, սպասում էին այդ իրադարձության մեկնարկին: Իրադարձություն բառն այս դեպքում ամենեւին չափազանցություն չէ, քանի որ ինչպես հետո համոզվեցի՝ տեղի ունեցողն իսկապես իրադարձություն էր, ոչ թե զուտ պետական կառավարման ինչ որ միջոցառում: Ազգային Ժողովում հանդիսավորությամբ էին պատրաստվում կառավարության հետ հարուպատասխանի մեկնարկին, նախասրահում կանգնած էր պատվո պահակախումբը, որի միջով՝ թմբուկների զարկի ներքո, դահլիճ է մտնում ԱԺ նախագահը: Իսկ այն, ինչ կատարվում է դահլիճում, իրենից իսկական քաղաքական շոու է ներկայացնում, բառի թերեւս դրական իմաստով: Պատգամավորներն ու նախարարները մտնում են բուռն եւ ակտիվ բանավեճի մեջ, իհարկե կազմակերպվածության հստակ նիշով, որը թույլ չի տալիս, որ բուռն եւ ակտիվ շոուն վերածվի քաոսի: Բայց դահլիճում ամբողջ ընթացքում տիրում է այնպիսի աշխուժություն, այնպիսի դինամիկ հարցուպատասխան, ընդդիմության եւ իշխանության պատգամավորների միջեւ անգամ այնպիսի բուռն եւ փոխադարձ արձագանքներ ու ռեպլիկներ (իհարկե առանց հայվանի կամ նմանատիպ բաների), հռետորաբանության դրսեւորումներ, որ թե մասնակիցներն իրենք, թե բազմաթիվ հյուրերը եւ լրագրողները, եթե նույնիսկ կամենան էլ, չեն կարող քնել: Ֆրանսիայում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ուղիղ եթերում հեռարձակվում է հեռուստատեսությամբ, եւ տեղի մեր գործընկերներն ասում էին, որ պատգամավորներին ու նախարարներին այդ հանգամանքը ստիպում է ընտրողների մոտ իրենց ցույց տալ նրանց հուզող խնդիրներով առավելագույնս մտահոգված եւ դրանց լուծման հարցում առավելագույնս ջանադիր: Միգուցե արժե, որ Հայաստանում սովորեն Ֆրանսիայից: Իհարկե, մի տեսակ ծիծաղելի կարող է թվալ, որ Հայաստանի ԱԺ նախագահին թմբուկների զարկերով դիմավորեն, բայց գոնե քաղաքական շոուի մասով արժե, որ Հայաստանում փորձեն օրինակ վերցնել Ֆրանսիայի խորհրդարանից: Այդ դեպքում ոչ ոք չի քնի, որովհետեւ քնելուն կխանգարեն կամ հետաքրքրությունը, կամ էլ նիստի աշխուժությունը: Արժե, որ Հայաստանից աշխատանքային մի խումբ գործուղվի Ֆրանսիա եւ փորձի այնտեղից բերել անհրաժեշտ տարրեր, որոնք Հայաստանում էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող են դարձնել դինամիկ, աշխույժ, տպավորիչ քաղաքական մի իրադարձություն: Թեեւ, ընդհանուր առմամբ պարզ է իհարկե, որ միայն այդ դրվագով ոչինչ չի ստացվի, քանի որ մեծ հաշվով ամեն ինչ կախված է երկրի ընդհանուր համակարգից, քաղաքական եւ հասարակական մշակույթից, ավանդույթներից եւ պատկերացումներից, ու թերեւս ամենակարեւորը՝ իշխանության ձեւավորման մեխանիզմներից՝ օրենքն է հիմքում, թե անօրեն ամենաթողությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: