«Լրագիր» 16-2-2012- ԲՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու մասին իր հայտարարության մեջ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշում է, որ ԲՀԿ-ն այլ քաղաքական ուժերի հետ միասին կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան այլ դասավորությամբ:
Հատկանշական է, որ ԲՀԿ-ին անդամակցելու դիմումի մասին հայտարարության մեջ, Վարդան Օսկանյանը որեւէ խոսք չի ասում այն մասին, որ ասենք ԲՀԿ-ին անդամակցել ցանկանում է այն պատճառով, որ կուսակցության գաղափարախոսությունը, արժեքներն ու ծրագրերն իր համար ամենաընդունելին են, ամենաներդաշնակը իր մոտեցումներին եւ պատկերացումներին:
Ու ստացվում է, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցում է ընդամենը նրա համար, որ այդ կուսակցությանը համարում է ազատ եւ արդար ընտրության “պահապան”:
Այլ կերպ ասած, Վարդան Օսկանյանը համարում է, որ ԲՀԿ-ն ունի ընտրակեղծիքները կանխելու ուժ, կամ միայն ԲՀԿ-ն ունի այդ ուժը: Օրինակ, հարց է առաջանում, որ եթե այդ ուժն ունենար Հայ ազգային կոնգրեսը, Վարդան Օսկանյանը ազատ եւ արդար ընտրություն անցկացնելու եւ նոր խորհրդարան ձեւավորելու համար կգրե՞ր արդյոք Կոնգրեսին անդամակցելու դիմում:
Համենայն դեպս, առայժմ պարզ չէ, թե ԲՀԿ քաղաքական որ արժանիքի համար է նախկին արտգործնախարարն ընտրել այդ կուսակցությունը, հատկապես նկատի ունենալով այն, որ Օսկանյանը պաշտոնաթողությունից հետո Հայաստանում փորձում է Սիվիլիթաս հիմնադրամի միջոցով նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը: Քաղաքացիականության, այդ արժեհամակարգի տարածման եւ ընդլայնման գործում մինչ այժմ ի՞նչ նշանակալի քայլեր է կատարել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բացի կուսակցական տարբերանշանի ներքո իրականացվող լայնածավալ բարեգործությունից:
Այդ պայմաններում, արդյոք ԲՀԿ ապահոված ազատ եւ արդար ընտրությունը կարող է կապ ունենալ քաղաքացիականության հաղթանակի հետ: Այսինքն, եթե օրինակ խորհրդարանում ՀՀԿ մեծամասնությանը փոխարինի ԲՀԿ մեծամասնությունը, դա արդյոք Հայաստանում նշանակելու է քաղաքացիական արժեհամակարգի հաղթանակ:
Համենայն դեպս, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, թե առավել եւս դրան անդամակցելու դիմում ներկայացրած Վարդան Օսկանյանը, հանրությանը կարծես թե չեն մատուցել այդ փոփոխության հստակ մեխանիզմ, առարկայական վկայություններ, որ ԲՀԿ-ն դա քաղաքացիականության հագրվան է եւ նրա հաղթանակը լինելու է քաղաքացիականության հաղթանակ:
Դրա համար, գուցե արժե, որ հանրությանը ներկայացվի ասենք ԲՀԿ-ի գոնե տասը տարբերություն ՀՀԿ-ի համեմատ, տասը տարբերություն՝ տասը պատվիրանների ՀՀԿ-ի հետ համատեղ խախտման դիմաց:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment