Saturday, March 3, 2012

Թուրքիայի ՆԳՆ-ն փորձում է փրկել ադրբեջանցիների արյան համար հայերից հաշիվ պահանջող նախարարի դեմքը

News.am.2-3-2012-Ստամբուլի Թաքսիմի հրապարակում փետրվարի 26-ի Ադրբեջանի ֆինանսական աջակցությամբ իրականացված հակահայկական ցույցի ժամանակ Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի՝ հայերի հանդեպ քեն եւ ատելություն սերմանող ելույթը Թուրքիայի առաջադեմ լրագրողների եւ հասարակական գործիչների մոտ խիստ հակազդեցություն է առաջ բերել։ Այս կապակցությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե մամուլում նախարարի խոսքերն աղավաղվել են եւ ներկայացվել կոնտեքստից կտրված։ Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Խոջալուի իրադարձությունների հիշատակմանը նվիրված միջոցառման ժամանակ որոշ խմբեր սադրանքներ են իրականացրել՝ պարզելով ակցիայի ոգուն ոչ հարիր կարգախոսներ։ «Ստամբուլի նահանգապետարանն աշխատանքներ է իրականացնում այդ խմբերին եւ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ասվել է, թե թուրքական մամուլում նախարարի խոսքն ամբողջության փոխարեն ներկայացվել է հատվածաբար եւ կոնտեքստից կտրված։ «Նախարարի խոսքում նշվել է, թե Խոջալուի «կոտորածի» համար հաշիվ է պահանջելու, սակայն նշվել է, թե այն պահանջվելու է արդարությամբ եւ իրավական առումներով»,-նշվել է հայտարարության մեջ։ Նշենք, որ ցույցից օրեր առաջ Ստամբուլի փողոցներում, կանգառներում եւ այլ մարդաշատ վայրերում փակցվել էին հայերի դեմ թշնամություն եւ ատելություն սերմանող պաստառներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հակահայկական ակցիայի կազմակերպումը ֆինանսավորել է ադրբեջանցի խոշոր գործարար Մուբարիզ Մանսիմովը։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիա է ուղարկել 10 խորհրդականների, ովքեր Թուրքիայում գործող ադրբեջանա-թուրքական ազգայնական կառույց ASIM-DER-ի հետ կազմակերպել են հակահայկական ակցիան։ Նույնիսկ Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միության անդամ Ռըֆաթ Աբբասզադեն հայտարարեց, թե Ստամբուլում Խոջալուի դեպքերին նվիրված հակահայկական ակցիայի համար Ադրբեջանը ծախսել է 2 մլն դոլար։ Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե անթույլատրելի է Խոջալուի իրադարձություններն դարձնել քաղաքական գործիք եւ այն օգտագործել 1915-ի հայկական ողբերգությունը ժխտելու համար։ Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը եւ «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը Ստամբուլում փետրվարի 26-ին տեղի ունեցած հակահայկական ակցիայի կազմակերպիչների եւ այդ ակցիայի ժամանակ ելույթ ունեցած Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի դեմ դատական հայց են ներկայացրել։ Հայցի հեղինակները շեշտել են, որ բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ում ելույթն ամբողջությամբ կազմված է եղել հայ ժողովրդի դեմ քին եւ ատելություն սերմանող արտահայտություններից։ «Նախարարի ելույթը ծայրաստիճան վտանգավոր, կողմնակալ եւ խտրական էր, որի պատճառով որոշել ենք ներկայացնել այս հայցը»,-ասվել է հայցում։ Արթուր Հակոբյան

No comments: