Sunday, April 8, 2012

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոն

Զատիկը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է: Քրիստոնեական եկեղեցին Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն այն հավիտենական զոհն է կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում բուն զատկական Կիրակի օրը: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը ժամանակահատվածի վրա: Զատկի սեղանին սովորաբար դրվում է ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի: Ավանդաբար ընդունված է Զատիկին ձուն ներկել կարմիր գույնով: Այն, ինչպես և Զատիկի գինին, խորհրդանշում է Քրիստոսի արյունը:

No comments: