Sunday, April 8, 2012

Ռուսական բազան եւ Արեւմուտքի շահերը

Հայաստանում ռուսական բազաների խնդիրը ոչ թե ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի խնդիրն է, այլ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածաշրջանային անվտանգության: Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպես վերաբերվել ռուսական ռազմական ներկայությանը եւ Ռուսաստանի հետ հարաբերւոթյունների կառուցմանը: Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի խնդիրը Ռուսաստանի եւ Հայաստանի հետ համագործակցությունն է տվյալ հարցի լուծման համար, որը ներկայում դիտվում է Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան զսպելու տեսանկյունից: Ամերիկացիներն ու եվրոպացիները վաղուց են վերանայել իրենց աշխարհաքաղաքական առաջնահերթությունները՝ Ռուսաստանին դիտելով ոչ թե հակառակորդ, այլ գործընկեր ոչ եվրոպական ծագման տարբեր սպառնալիքների զսպման գործում: Այդ առումով առավել կարեւոր է թվում սովորական սպառազինությունների եւ եզրային սահմանափակումների վերաբերյալ համաձայնագրի պահպանումը: Այդ համաձայնագրերը պետք է անշեղորեն կատարվեն: Դրանցից նահանջելը կշնանակի սառը պատերազմի նոր փուլ: ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը հասկանում են, որ Հայաստանում ռուսական բազայի խնդիրը քաղաքական է, եւ Ռուսաստանը շահագրգռված է կովկասյան տարածաշրջանում իր քաղաքական ազդեցության պահպանմամբ: Հայաստանին դեռեւս չի հաջողվել դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից: Հայաստանը քաղաքականապես եւ տնտեսապես շատ է կախված Ռուսաստանից եւ պետք է, այսպես թե այնպես, համագործակցել նրա հետ: Եվրոպայում ոչ ոք չի ժխտում Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Հայաստանն առաջարկել է միաժամանակ Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի հետ համագործակցության շատ հետաքրքիր մոդել: Արեւմուտքը դեմ չէ Հայաստանում ռուսական զորքերի ներկայությանը՝ նկատի ունենալով Թուրքիայի հետ նրա հարաբերությունները: Սակայն պետք է նկատի առնել, որ նույնիսկ այդ ընդունելի իրավիճակն արխաիկ է: Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Վրաստանը՝ Ռուսաստանի: ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի դերն այստեղ ակնհայտ է: Արեւմուտքը պետք է ակտիվ մասնակցություն ունենա այդ գործընթացներում: Այդ դեպքում ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում ամենեւին էլ անիմաստ չի դառնա: Քանի դեռ հակամարտությունները կարգավորված չեն, եւ Թուրքիան շարունակում է տարածաշարջանային էքսպանսիայի քաղաքականությունը, ռուսական ռազմական ներկայության դերն Արեւմուտքում դիտարկվելու է որպես դրական: Այդ կապակցությամբ Հայաստանը պետք է հասկանա, որ գալու է ռուսական եւ ՆԱՏՕ-ի զորքերի սերտ համագործակցության պահը, եւ՝ իր տարածքում: Դա միացյալ գործընթացի մի մասն է: Իհարկե, դա արագ տեղի չի ունենա: Միայն այդ դեպքում Եվրամիությունը կկարողանա բավական արդյունավետ համագործակցել եւ Հարավային Կովկասի, եւ Ռուսաստանի հետ: Հայաստանում ռուսական բազան ԱՄՆ եւ նրա գործընկերների կողմից դիտվում է որպես Թուրքիային զսպող գործոն: Միաժամանակ, ԱՄՆ-ն ավելի շատ է ՀԱՊԿ-ը դիտում որպես գործընկեր Կենտրոնական Ասիայում եւ Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջաններում գործողությունների համար: Գործնականում, Հայաստանում իր ներկայությամբ Ռուսաստանը մասնակցում է Թուրքիային համատեղ զսպելու խնդրի իրականացմանը, որը մշակել է ԱՄՆ-ն եւ մասամբ Ֆրանսիան: Իգոր Մուրադյան

No comments: