
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 19,04,2012թ.: Այսօր առավոտյան ժամը 11-ին Թեհրանում ՀՀ դեսպանության եւ Հաայաստանում Իրանի ԻՀ նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեյիսի համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ դեսպանաատանը, իրանահայ մամուլի ներկայացուցիչների հետ կազմակերպվել էր ծանոթացման եւ մտքերի փոխանակման մտերմիկ հանդիպում:
Հանդիպման սկզբում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Գրիգոր Առաքելյանը խոսեց Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մասին, ապա մեկ առ մեկ իրանահայ մամուլի ներկայացուցիչներին ծանոթացրեց իրանցի գործընկերոջը եւ ամփոփ բացատրություն տվեց նրանց գործունեության վերաբերյալ:
Պրն. Առաքելյանը իր խոսքերում ի միջի այլոց նաեւ նշեց, «Մամուլը, որպես չորրորդ իշխանություն երբեմն ավելի հզոր է քան պետությունը կազմող իշխանությունները»:
Այնուհետ խոսքը տրվեց նորանշանակ դեսպանին: Պրն. Ռեյսին ամենից առաջ ասաց, որ ինքը ծնվել է Սպահանի Փերիա գավառում եւ մանկուց ի վեր ծանոթ է հայերի հետ եւ բարձր է գնահատում հազարամյակների ընթացքում նրանց ներդրումը Իրանում:
Նորանշանակ դեսպանն ասաց, որ հայերը միշտ էլ հարգված են եղել իրանում եւ խոսելով պատմության խորքերից ասաց. «Պատմության մեջ արձանագրված է, որ Ալեքսանդր Մակեւդոնացու արշավանքների օրոք իրանական բանակի աջ թեւի հրամանատարությունը հայերի ձեռքում էր»: Նա հավելեց. Հայ-պարսկական հարաբերությունները պատմության խորքերից մտերիմ ու բարեկամական են եղել եւ այսօր եւս Իրան-Հայաստան հարաբերությունը տարածաշրջանի երկրների միջեւ ամենամտերիմն է»:
Մ. Ռեյսին շեշտեց. «Մեր հարաբերությունները քաղաքական եւ մշակութային ասպարեզներում բարձր մակարդակի վրա են, սակայն նույնը չի կարելի ասել տնտեսականի մասին եւ ես հույս ունեմ, որ ձեր օգնությամբ նաեւ այդ ասպարեզում առաջընթաց կարձանագրենք»:
Հանդիպման վերջին բաժնում Մ. Ռեյսին պատասխանեց մամուլի ներկայացուցիչների հարցերին եւ շնորհակալություն հայտնեց հանդիպմանը մասնացելու համար ու նաեւ ցանկացավ որ այս հարաբերությունները շարունակվեն:
Հիշատակելի է, որ պրն. Ռեյսին նախապես ղեկավարել է ԻԻՀ դեսպանությունները Իսպանիայում, Կենիայում եւ Ֆիլիպիններում, նա համալսարնի դասախոս է եւ մի առ ժամանակ ԻԻՀ արտգործ նախարարության ընդունելությունների գերատեսչության տնօրենն է եղել ու նաեւ նույն նախարարությունում զբաղեցրել է այլ պաշտոններ: Նա ցայժմ միայն մեկ անգամ, այն էլ մեկօրյա այցով որպես ԻԻՀ արտգործնախարար Սալեհիի պատվիրակության անդամ եղել է Հայաստանում:
No comments:
Post a Comment