Thursday, May 31, 2012

Սերժ Սարգսյանը շնորհավորեց առաջին նիստից բացակայող ՀԱԿ–ին. ՀՀ 5-րդ գումարման ԱԺ–ն մեկնարկեց աշխատանքները

Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը սկսված է: Ինչպես նախատեսում է օրենքը, նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, որն էլ ելույթի համար ձայն տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց նորընտիր պատգամավորներին 5-րդ գումարման ԱԺ բացման կապակցությամբ՝ նշելով, որ անցած հինգ տարիներն արդյունավետ ժամանակահատված էին ու լավ հիմք՝ գալիք հինգ տարիների արդյունավետ աշխատանքի համար: «Ձեզնից շատերը օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են: Ես ողջունում եմ նաև նրանց, ովքեր առաջին անգամ են այստեղ և մաղթում եմ նրանց արդյունավետ գործունեություն»,-ասաց նախագահը: Նախագահը նշեց, որ դեռ թարմ են նախընտրական շրջանի հանդիպումների տպավորությունները. «Բոլորս հանդիպումներ ենք ունեցել մեր քաղաքացիների հետ և ցուցակագրել խնդիրները: Մարդիկ հավատացել են մեզ, որովհետև հույսեր են կապել մեզ հետ: Պետք է արդարացնենք բոլորի հույսերը: Մենք կարող ենք շատ բան անել: Այս երկրի օրենսդիր մարմինն ենք: Հասարակության ձայները տեղ հասցնողները դուք եք, իսկ այդ տեղը՝ խորհրդարանն է»,- ասաց ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ձևավորվել է ակտիվ խորհրդարան, որտեղ ձայնի իրավունք ունեն բոլոր հիմնական ուժերը: Նա իր ուրախությունը հայտնեց «Հայ ազգային կոնգրեսի»՝ խորհրդարանում լինելու կապակցությամբ և շնորհավորեց ՀԱԿ պատգամավորներին, որոնք, սակայն, չէին ներկայացել ԱԺ առաջին նիստին: «Հույս ունեմ, որ մեր պատգամավորները չեն սահմանափակվի զուտ գրասենյակային աշխատանքով և ԱԺ-հասարակություն կապը ակտիվ կլինի: Պետք է հիշել, որ նպատակը երբեք չի արդարացնում միջոցները: Սխալ միջոցներով նպատակի հասնելը չի արդարացնում ոչինչ: Ուզում եմ հուսալ, որ սխալներ ավելի քիչ կանենք»-շարունակեց իր ելույթը նախագահն ու շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին և ժողովրդին՝ հասուն ընտրություններ անցկացնելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանից հետո ելույթ ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ով ներկաներին շնորհավորեց ԱԺ անդրանիկ նիստի առիթով և նշեց, որ սուրբ Էջմիածնից իր օրհնությունն են բերել քաղաքական այրերին: Կաթողիկոսը հույս հայտնեց, որ բոլոր պատգամավորները խորհրդարան են եկել օրենսդրական ծրագրերով և իրենց ջանքերը ժողովրդին ծառայեցնելու կամքով: «Մեր երկիրը, նախորդ երկու տասնամյակներում, օրենսդրական բարեփոխումների մեծ ճանապարհ է անցել: Այդ ձեռքբերումները զորացնում են ժողովրդի հույսերը՝ կառուցելու բարգավաճ հայրենիք: Ձեզ առաջնորդող ունեցեք հավատքն ու բարեպաշտությունը»,- ասաց Կաթողիկոսն ու կարդաց Տերունական աղոթքը: Այնուհետ, բոլոր պատգամավորները հոտնկայս երդվեցին:

No comments: