«Լրագիր» 31-5-2012- Արդյոք Ռուսաստանը Հայաստանում առաջ կմղի «Քոչարյանի նախագիծը». այս հարցը դարձել է Հայաստանի հիմնական ինտրիգներից մեկը: Ռոբերտ Քոչարյանն, ըստ ԶԼՄ-ների, մի քանի օր Մոսկվայում սպասել է Պուտինի հետ հանդիպմանը, սակայն ստույգ հայտնի չէ՝ կայացել է արդյոք հանդիպումը, թե ոչ: Բայց կարելի է վստահ ասել, որ դրանից է մեծ հաշվով կախված՝ արդյոք Քոչարյանը կառաջադրվի 2013 թվականի նախագահական ընտրություններին, թե ոչ: Այն, որ նա ունի այդպիսի նպատակ, երևում է Բարգավաճ Հայաստանի վարքագծից, որը կոալիցիա չի մտել ՀՀԿ և Սերժ Սարգսյանի հետ և չի հայտարարել վերջինիս նախագահական ընտրությունների ժամանակ աջակցելու մասին: Դժվար Գագիկ Ծառուկյանը համառություն ցուցաբերեր առանց որևէ պատճառի. հնարավոր է, որ նա «տեղ է թողնում» Քոչարյանի առաջադրվելու համար: Հանուն այլ թեկնածուների, և նույնիսկ ինքն իր համար երբևէ չէր գնա նման ռիսկի: Ներկայում Քոչարյանը պետք է երաշխիքներ ստանա Պուտինից, որպեսզի հանգիստ առաջադրի իր թեկնածությունը: Մինչ այժմ, հավանաբար, նրան չէր հաջողվում հստակ երաշխիքներ ստանալ: Բայց այս օրերին, դատելով ամեն ինչից, ինչ-որ բան է փոխվել, և հնարավոր է, որ նա ստացել է որոշակի երաշխիքներ: Հնարավոր է, որ դրա հետ է կապված Պուտինի առաջիկա այցը Հայաստան այս տարվա սեպտեմբերին: Հենց սեպտեմբերին է սկսվում Հայաստանի նախագահական արշավն ու թեկնածուների առաջադրումները, և Պուտինի այցը կարող է նշանավորել Հայաստանում ստատուս քվոյի փոփոխություն: Բավական կլինի ճաշկերույթի ժամանակ Սերժ Սարգսյանի փոխարեն իր կողքին նստեցնի Քոչարյանին, որպեսզի հայկական քաղաքական դասի համար պարզ լինի, թե ում է աջակցելու Պուտինը: Հատկանշական է, որ Պուտինը ներկա է լինելու ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժություններին Հայաստանում: Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին հրավիրել է մասնակցելու զորավարժություններին, հայտարարել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Արագ արձագանքման ուժերը, ինչպես հայտնի է, ստեղծվել են նաև անդամ երկրներում ներքին անկարգությունները կանխելու համար: Եվ Պուտինի ներկայությունը զորվարժություններին կարող է ազդանշան լինել Հայաստանի համար, որ այդ ուժերը կարող են փորձարկվել Հայաստանում: Ըստ ամենայնի, շուտով կհայտարարվի եվրոպական որեւէ ազդեցիկ երկրի, օրինակ Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցելելու մասին: Եվ նույնպես սեպտեմբերին, երբ պետք է որոշվի, թե ով է առաջադրվելու նախագահի պաշտոնին: Կամ Ֆրանսիա կհրավիրեն Սերժ Սարգսյանին: Ֆրանսիան կարող է տալ որոշ երաշխիքներ Սարգսյանին, ընդ որում, այնպիսի երաշխիքներ, որ նա հանկարծ «չվախենա» Պուտինի այցից: Դրանք կարող են լինել խոշոր ներդրումները, Ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագրի արագացված ստորագրումը եւ այլն: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Հայաստանի նախագահի 2013 թ. ընտրությունների ժամանակ կսկսվի ռուս-արևմտյան «պատերազմ»: Սակայն այն կարող է ավարտվել դեռ չսկսած, եթե Պուտինը երաշխիքներ չտա Քոչարյանին, կամ եթե Եվրոպան չաջակցի Սարգսյանին: Բայց, դատելով իրավիճակից, ոչ ոք չի պատրաստվում նահանջել: Նաիրա Հայրումյան
Thursday, May 31, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment