Saturday, May 5, 2012

Ադրբեջանական մամուլն «ազատ է ինչպես Գերմանիայու՞մ». Բաքու-Բեռլին լարվածությունը չի թուլանում

Tert.am. 4-5-2012- Օրերս գերմանական հեռուստաընկերությունները  և թերթերը հայտնում էին
Եվրատեսիլ երգի մրցույթի նախաշեմին Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի մասին: Այժմ Բաքուն մեղադրում է Գերմանիայի «որոշ շրջանակներին» Ադրբեջանի դեմ զրպարտության և խաբեության մեդիաարշավ կազմակերպելու մեջ, գրում է Spiegel պարբերականը: Եվրատեսիլ երգի մրցույթի նախաշեմին Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտը եղել է ուշադրության կենտրոնում: Գերմանական և միջազգային լրատվամիջոցները հայտնել են երաժշտական մրցույթն անցկացնելու իրավունքը ստանալուց հետո Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից իրականացվող մի շարք չարաշահումների մասին: «Այժմ Բաքուն հակահարված է հասցնում: Այս շաբաթ արված հայտարարության մեջ, Բեռլինում Ադրբեջանի դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի դեմ ենթադրյալ մեդիաարշավը, որը ղեկավարվում է «Գերմանիայի որոշ շրջանակների» կողմից», - գրում է գերմանական պարբերականը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «սկսած այն օրվանից, երբ Ադրբեջանը հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում, Ադրբեջանի դեմ իրականացվում է համակարգված մեդիաարշավ»: Դեսպանատունը նշել է, որ «ցավալի» է, որ Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Մարկուս Լոնինգը և պատգամավոր Քրիստոֆ Ստրասսերը, ինչպես նաև Գերմանիայի խորհրդարանի այլ անդամները «ակտիվորեն մասնակցել և մասնակցում են այս արշավին»: «Լոնինգը բազմիցս քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման դեպքերը և ասել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրում սահմանափակվում են ազատությունները՝ հակառակ նախագահ Ալիևի տված խոստումներին: Ստրասերին մերժել են տրամադրել Ադրբեջանի մուտքի վիզա, որտեղ նա ցանկանում էր հանդիպել քաղբանտարկյալների հետ: Բաքուն մեղադրել է նրան իր իրավասությունները չարաշահելու մեջ: Բացի այդ, դեսպանատունը մեղադրել է գերմանական լրատվամիջոցներին՝ հատկապես «Spiegel» պարբերականին և ARD հանրային հեռարձակողին՝ վերոնշյալ արշավին աջակցելու համար», - նշում է հոդվածագիրը: «Մեդիա քարոզարշավի ընթացքում տարածված նյութերի բովանդակությունը փաստում է, որ Գերմանիայի որոշ շրջանակները մտադիր են վնասել Ադրբեջանի իմիջին», - ասվում էր դեսպանատան հայտարարության մեջ: Դեսպանությունը նաև իր վստահությունն էր հայտնել , որ «զրպարտությանբ և խաբեությամբ լի մեդիաարշավը չի վնասի Գերմանիայի և Ադրբեշանի բարեկամական հարաբերություններին»: Ադրբեջանի դեսպանատան կողմից հնչեցրած մեկնաբանությունները Բաքվում Գերմանիայի դեսպանատան հայտարարությունների արձագանքն էր: Գերմանիայի դեսպանատունը իր հայտարարության մեջ հերքել էր իշխող կուսակցությանը պատկանող «Yeni Azerbaijan» թերթի պնդումները, որ Գերմանիայի կառավարությունը փորձում է ազդել գերմանական լրատվամիջոցներում Ադրբեջանի թեմայով լրատվության վրա: Բեռլինում Ադրբեջանական դեսպանատունը պնդել է, որ Ադրբեջանն ունի ազատ մամուլ «ինչպես և Գերմանիան», և որ Ադրբեջանի կառավարությունը չունի մամուլի վրա ճնշում գործադրելու լծակներ: Աճել է քննադատությունը վերջին ամիսներին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ հետապնդումների, ժողովրդավարամետ խմբերի ճնշումների, և ընդդիմադիր ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ այժմ ադրբեջանական բանտերում գտնվում են վեց լրագրող և 14 քաղբանտարկյալ: Գերմանիայի ԱԳՆ-ի վերջին զեկույցը քննադատել է երկրում տեղի ունեցող «պետական ճնշումները»: Amnesty International իրավապաշտման կազմակերպությունը նույնպես արշավ է ձեռնարկում՝ ադրբեջանական քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով, որի շրջանակներում հինգշաբթի օրը ներկայացրել էր իր սեփական «Toast to Freedom» (ազատության կենացը) երգը: «Եվրատեսիլ»-ի գերմանական ազգային ընտրական փուլի դատավորներից մեկը խորհուրդ է տվել չունենալ ակնկալիքներ, որ երաժշտական մրցույթը ինչ որ բան կփոխի Ադրբեջանում: «Եվրատեսիլը կարող է միայն բարձրացնել իրազեկությունը» - ասել է Թոմաս Դ-ն՝ հայտնի գերմանացի ռեպպերը: «Որպեսզի Ադրբեջանում իրավիճակը բարելավվի, պետք է շարունակել քաղաքական ջանքեր գործադրել»: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Եվրատեսիլի վարագույրը փակվելուն պես Ադրբեջանի մասին չմոռացվի » - եզրափակել է նա:

No comments: