Saturday, May 12, 2012

Սա տիկին դեսպանուհի՝ ուղղակի գռեհիկ ցինիզմ է. ԵՀՄՖ-ի նախագահի պատասխանը թուրք դեսպանուհուն

Tert.,am. 11-5-2012- Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկին «Տիժդեն» շաբաթաթերթում հանդես է եկել հրապարակմամբ, ինչը արձագանքն է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի ելույթի՝ հնչած ապրիլի 5-ին Սլովակիայում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող-խաչքարի մոտ կազմակերպված միջոցառման ժամանակ: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարության տեղեկացմամբ, նույն օրը Ցեղասպանությանը նվիրված ելույթներ են ունեցել նաև Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահը, փոխվարչապետ Շտեֆան Հարաբինը (որի առաջարկով Սլովակիան ընդունել է ցեղասպանության մերժման քրեականացման օրենքը): Այսպես. Թուրքիայի դեսպանուհի` Գյուլհան Ուլուտեկին, անդրադառնալով Աշոտ Գրիգորյանի ելույթին գրում է. «Թուրքիան, ոչ մի կերպ, չի ցանկանում իր հիշողություններից ջնջել կատարված դեպքերը և չի խուսափում պատասխանատվություն կրել սեփական պատմության հարցում: Հակառակը, Թուրքիան անընդհատ ընդգծում է վերոհիշյալ ժամանակահատվածի շուրջ օբյեկտիվ գնահատականներ տալու անհրաժեշտությունը` մատչելի բոլոր սկզբնաղբյուրների հիման վրա»: Իսկ թե ինչպես է Թուրքիան պատկերացնում «օբյեկտիվ գնահատականներ տալու անհրաժեշտությունը», դեսպանը նկատում է.«Թուրքիան Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեին ոչ միայն երկու կողմի պատմաբաններ և մասնագետներ, այլ նաև մասնագետներ երրորդ երկրից, որոնց խնդիրը կլիներ 1915թ-ի դեպքերի համատեղ ուսումնասիրությունը` հիմնված ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի, այլ նաև մնացած երկրների արխիվային նյութերի վրա: Այս առաջարկին համաձայն և կատարվածի վրա անկեղծորեն լույս սփռելու և վիճելի պատմական հարցը պարզաբանելու նպատակով մենք բացեցինք մեր բոլոր արխիվները, ընդհուպ նաև զինվորականները: Չնայած դրան, Հայաստանը ոչ մի հանդիպակաց քայլեր չկատարեց: Տվյալ խնդրի լրիվ և օբյեկտիվ վերլուծությունը կատարելու համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը նույնպես բացի իր արխիվները, որոնք ցավալիորեն մինչ այսօր մնում են անմատչելի»: Թուրք դեսպանը գրում է.«1915թ-ի դեպքերը «ցեղասպանություն» հայտարարելը լուրջ և միաժամանակ կասկածելի քայլ է: Ցեղասպանությունը` լուրջ հասկացություն է և դրա շուրջ ցանկացած պնդումներ պահանջում են լրիվ և հիմնովին վերլուծություն` հիմնված վստահելի աղբյուրների և գիտական հետազոտությունների վրա, համաձայն միջազգային իրավաբանության համապատասխան սկզբունքների»: Իր հրապարակումը թուրք դեսպանուհին ավարտում է հետևյալ մտքով.«Հանուն արդարության պետք է ընդունել, որ 1915թ-ի դեպքերը ոչ միայն հայերի համար են ողբերգություն հանդիսանում, այլ նաև թուրքերի և այդ ժամանակ Օսմանյան Կայսրության տարածքում ապրող մյուս ժողովուրդների: Տառապյալ հայերի նկատմամբ հարգանք և ցավակցություն ունենալով հանդերձ, ես ցանկանում եմ հայտնել իմ ափսոսանքն այն բանի շուրջ, որ այսօր չկա ոչ մի հիշեցում թուրքերի կամ մուսուլմանների կրած տառապանքների մասին, այդ ժամանակներում ունեցած զոհերի ու կորուստների և առաջին համաշխարհային պատերազմի դաժանությունների մասին»: Ի պատասխան, Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի հրապարակման, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ հանդես է եկել պատասխան նամակով, ինչը մայիսի 9-ին պաշտոնապես ուղարկվել է Սլովակիայի թուրք դեսպանուհի և «Տիժդեն» շաբաթաթերթի խմբագրությանը: Պատասխան նամակում Աշոտ Գրիգորյանը նախ հիշեցնում է. « Ապրիլի 24-ին մենք նշեցինք այն դեպքերի 97-ամյակը, որոնք հիմք հանդիսացան ազգությամբ լեհ, ամերիկացի իրավաբան Ռաֆայել Լեմկինի համար, տալ սահմանում մարդկության դեմ կատարվող ոճիրների շուրջ, որոնք կատարվել են որոշակի ժողովուրդների, ռասսաների կամ կրոնական խմբերի նկատմամբ` ապագայում դրանք կանխելու միտումով: Նա այդ ցանկությունն ուներ դեռևս Լվովի համալսարանում սովորելու ժամանակ, երբ ուսումնասիրում էր այս դեպքերն, ինչպես նաև դրան նախորդող դեպքերը` սկսված Աբդուլ Համիդի կողմից, և դրան հաջորդող դեպքերը` կազմակերպված Երիտթուրքական իշխանությունների ուղղակի ղեկավարությամբ, որոնք ավարտին հասցվեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Եվ ահա այդ ուսումնասիրությունների հիման վրա Ռաֆայել Լեմկինը տվեց ցեղասպանության սահմանումը: Ցանկանում եմ Ձեզ միայն բացատրել, որ Լեմկինը այս հասկացողությունը հիմնեց կոնկրետ և ոչ թե վերացական դեպքերի վրա: Ցեղասպանության այս սահմանումը, սակայն ընդհանրացվեց, երբ Հայոց ցեղասպանությանը հաջորդեցին նաև մարդկության դեմ կատարված այլ ոճիրներ»: Անդրադառնալով թուրք դեսպանուհու հոդվածի այն հատվածին, թե թուրքական կողմն առաջարկում է արխիվային նյութերի համատեղ հետազոտում, Աշոտ Գրիգորյանը նկատում է.«Բայց չէ՞ որ արխիվները վաղուց բաց են և ոչ մեկը չունի խնդիր դրանք ուսումնասիրելու: Բավարար է միայն գալ Երևան, այցելել ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գտնվում են հսկայական արխիվային նյութեր, որոնցում ներկայացված են վերոհիշյալ դեպքերը: Նույն ճանապարհով, և այլ երկրների արխիվները Ձեզ կտան հնարավորություն ուսումնասիրելու համապատասխան փաստաթղթերը: Ողջ աշխարհը, բացի Թուրքիայից և նրա սատելիտ Ադրբեջանից, այս հարցի շուրջ ունի հստակ պատկերացում: Եվ դա հասկանալի է, ոճրագործը` բացառությամբ որոշ այլասերվածներից, չի հպարտանում իր ոճրագործություններով և չի ցուցադրում այն: Թուրքիան չի պատկանում այդքան այլասերվածների դասին և, գիտակցելով իր ոճիրը, փորձում է այն ամեն կերպ մոռացության մատնել` իր զոհին կոչ անելով զբաղվելու դատարկաբանությամբ, հրավիրելով նրան կլոր սեղանի շուրջ երկխոսության»: Անդրադառնալով դեսպանուհու հոդվածի այն մտքին, թե «1915թ-ի դեպքերը «ցեղասպանություն» հայտարարելը լուրջ և միաժամանակ կասկածելի քայլ է: Ցեղասպանությունը` լուրջ հասկացություն է և դրա շուրջ ցանկացած պնդումներ պահանջում են լրիվ և հիմնովին վերլուծություն…», Աշոտ Գրիգորյանը նկատում է.«Դուք անարգում եք Սլովակիայի Ազգային Խորհրդին` 2004թ-ի նոյեմբերի 30-ին ընդունած թիվ 1341 բանաձևի համար, որով այս երկիրը հաստատում է Հայոց ցեղասպանության փաստը, և կոնֆլիկտի մեջ եք մտնում Սլովակիայի Քրեական օրենսգրքի թիվ 300/2005 օրենքի հետ»: Ա. Գրիգորյանը հայտարարում է.«Որպես ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Ձեզնից պահանջում եմ հրապարակավ բացատրություն տալ. Ինչի՞ հիման վրա եք Դուք խախտում Սլովակիայի Հանրապետության օրենքները»: Ապա եզրակացնում.« դիվանագետը, եթե ներկայացնում է քաղաքակիրթ երկիր և, եթե ունի անհրաժեշտ համապատասխան մասնագիտական կրթություն, երբեք թույլ չի տա իրեն խախտել տվյալ երկրի օրենքները, որտեղ գտնվում է, քանի որ հակառակ դեպքում կասկածներ են առաջանում նրա արհեստավարժության և այն երկրի քաղաքակրթության մակարդակի վերաբերյալ, որը նա ներկայացնում է: Ըստ Գրիգորյանի թուրք դեսպանուհու նամակը պարունակում է մեկ միտք, որի հետ կարելի է համաձայնվել, դա հետևյալն է. «հանուն արդարության պետք է ընդունել, որ 1915թ-ի դեպքերը ոչ միայն հայերի համար են ողբերգություն հանդիսանում, այլ նաև … այդ ժամանակ Օսմանյան Կայսրության տարածքում ապրող մյուս ժողովուրդների»: Սակայն այս առնչությամբ, Աշոտ Գրիգորյանը գրում է .«Մենք շնորհակալ ենք Ձեզ այս մտքի համար, որովհետև իսկապես նաև հույները, ասորիները և այլ ժողովուրդները նույնպես արժանի են, որ օսման թուրքերի կողմից նրանց նկատմամբ կատարված ցեղասպանությունը ստանա համապատասխան իրավական գնահատական: Ձեր հաջորդ պնդումը « … այսօր չկա ոչ մի հիշեցում թուրքերի կամ մուսուլմանների տառապանքների մասին…» նմանվում են նեոնացիստական պահանջներին, կոնկրետ Երրորդ Ռայխի ղեկավարներ Հիտլերին, Հերինգին, Գեբելսին, Հիմլերին ու մյուս ֆաշիստներին ցավակցելու խնդրանքին: Դուք ինչե՞ք մտածում, ինչպիսի՞ն կլինի հրեաների արձագանքն այսպիսի պահանջների նկատմամբ: Սա տիկին դեսպանուհի՝ ուղղակի գռեհիկ ցինիզմ է»:

No comments: