Thursday, June 21, 2012

«Թուրքիան մտադիր է առաջիկա 7-8 տարում կառուցել 12 ատոմային բլոկ». Թաներ Յըլդըզ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորում խոսել է միջուկային էներգիայի հետ կապված Թուրքիայի առաջիկա պլաններից. «Աշխարհը չի կարող գոյատևել առանց ատոմային էներգիայի: Թուրքիան Ռուսաստանի հետ համագործակցում է Աքքույուում ատոմակայանի կառուցման հարցում: Թուրքիան մտադիր է առաջիկա 7-8 տարում կառուցել 12 ատոմային բլոկ: Թուրքիան շարունակում է ատոմակայանների կառուցման շուրջ բանակցություններ վարել Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի ու Կանադայի: Սակայն մենք չենք բացառում, որ այդ նախագծերին կարող են մասնակցել այլ երկրներ: Թուրքիան նախապատվությունը տալիս է անվտանգությանն ու որակին: Թուրքիան կարիք ունի ատոմային էներգիայի, քանի որ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) էներգիայի սպառումը կրկնապատկվելու է, իսկ այդ հարցում ամենահուսալի աղբյուրը ատոմակայանն է: Ողջ երկիրն աջակցում է նոր բլոկների կառուցմանը: Մենք շարունակելու ենք զարգացնել ատոմային ծրագիրը՝ չնայած ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարին»: Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան ցանկանում է կառուցել 3 ատոմակայան: Դրանցից առաջինն արդեն իսկ Ռուսաստանը կառուցում է միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում: Ատոմակայաններ պետք է կառուցվեն նաև սևծովյան Սինոպում և Թրակիայում (Թուրքիայի եվրոպական հատված) գտնվող Իղնեադա վայրում: Ոչ վաղ անցյալում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պլանավորել են մինչև 2023 թվականը Թուրքիայում ունենալ երկու գործող ատոմակայան:

No comments: