Wednesday, June 6, 2012

Ռուսաստանը սկսե՞ց

1in.am. 6-6-2012- Տավուշի մարզում ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով լարված իրավիճակը հետաքրքիր զարգացումներ է ունենում Երևանում: Մասնավորապես, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանին խնդրի ռազմական դիտորդներ կամ էլ փոքր զորամիավորումներ տեղակայել Տավուշի սահմանային այդ հատվածում: Սա բավական հետաքրքրական զարգացում է: Փաստորեն, արդեն հնչում են կարծիքներ, որ պետք է սահմանին ռուսական զորք տեղակայվի: Առայժմ դրանք ոչ պաշտոնական են, նույնիսկ, այսպես ասած, երևանյան, բայց չի բացառվում, որ Ռուսաստանը պարզապես տրամադրություններ է շոշափում, և պաշտոնականացնելու հեռանկարը կախված է նրանից, թե ինչպես կարձագանքի Հայաստանի հասարակությունը այդ մտքերին: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը կարծես թե փորձում է օգտվել իրավիճակից և իր ռազմական ներկայությունը հաստատել հայ-ադրբեջանական շփման գծում: Գրեթե կասկած չկա, որ եթե Ռուսաստանի այդ հնարքը հաջողվի, վաղը նույն մեթոդոլոգիան կարող է կիրառվել շփման գծի ամբողջ երկայնքով, և այս կամ այն հատվածում կարող են լինել պարբերական դիվերսիաներ, որոնցից հետո հղում կարվի Տավուշի «հաջող» փորձին և կասվի, որ պետք է ռուսական կամ ՀԱՊԿ զորքեր տեղակայել նաև հայ-ադրբեջանական շփման գծի մյուս հատվածներում, ընդհանրապես՝ ամբողջ երկայնքով: Այդպիսով, մոտ երկու տասնամյակ շարունակ սեփական ուժերով պահվող հրադադարի գոտում կտեղակայվեն ռուսական զորքեր՝ դրանից բխող քաղաքական հետևանքով հանդերձ: Այդ ամենը կարծես թե որոշակիորեն կարող է լույս սփռել ներկայումս սահմանում առկա իրավիճակի, մասնավորապես տավուշյան իրադարձությունների ու նաև այն բանի վրա, թե ինչու դրանք տեղի ունեցան հատկապես Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի ընթացքում: Ռուսաստանն ըստ երևույթին մտմտում է հարավկովկասյան իր գերազդեցության հետևողական, սիստեմատիկ անկումը կանգնեցնելու վերջին փորձի՝ ղարաբաղյան գոտում զորք տեղակայելու տարբերակի ուղղությամբ և արդեն սկսել է գործնական քայլեր ձեռնարկել: Մինչդեռ այդ իրավիճակը Հայաստանի համար բավական վտանգավոր է, առաջին հերթին հենց այն նախադեպի իմաստով, որ այդօրինակ պրովոկացիաների միջոցով հնարավոր կդառնա ցանկացած քաղաքական ծրագրի առաջմղումը, ու հայտնի չէ, թե վաղն ինչ պրովոկացիա կանցնի Ռուսաստանի մտքով: Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն Հայաստանի հանդեպ ունեն պարտավորություններ՝ մեր երկրի անվտանգությանն աջակցելու առումով, բայց նախ, իհարկե, լավ կլինի, որ նրանք որպես առաջին քայլ դեռ պաշտոնապես, հստակ, հասցեական զգուշացնեն Ադրբեջանին, ոչ թե արդեն իսկ սկսեն շրջանառության մեջ դնել սահմանին զորք տեղակայելու գաղափարը, որն ավելի շատ ոչ թե անվտանգություն է ապահովելու, այլ պարզապես լինելու է վտանգների դոզաները կարգավորող զորք:

No comments: