Wednesday, June 6, 2012

Սերժ Սարգսյան. Ճապոնիայի ժողովուրդն այս փորձությունից ավելի կոփված է դուրս գալու

Panorama.am. 5-6-2012- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա: Ինչպես Ճապոնիայից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, Սենդայ քաղաքում Նախագահն այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Նախագահն իր և պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին և նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին և ուշի-ուշով հետևում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար: «Այդ ժամանակ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր և աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար: Մենք գիտակցում և ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, և ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջև»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետևանքները: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն և Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետևանքները: «Ճապոնիայի ժողովուրդն այս փորձությունից ավելի կոփված է դուրս գալու: Ցանկանում եմ, որ բոլորն ունենան իրենց տանիքը, տներում մանկան ճիչ լսվի, ընտանիքները լցվեն ջերմությամբ ու խաղաղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը: Ինչպես Ճապոնիայից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը Սենդայի օդանավակայանի տնօրեն Իտոնի հետ շրջել է լիովին վերականգնված օդանավակայանում: Կանգ են առել պատերից մեկի մոտ, ուր լուսանկարները պատմում են սարսափելի երկրաշարժի ավերների մասին: Հանդիպման վերջում, մեր թղթակցի փոխանցմամբ, փոքրիկ համայնքի բնակիչների հետ նվերների փոխանակում է տեղի ունեցել: ՀՀ նախագահը նվիրել է Հայաստանի ճապոնական կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքը, իսկ նվեր է ստացել ճապոնական օրիգամա: Նշենք, որ հանդիպումը սրտաբուխ էր, հուզիչ, հարգալից ու ոչ առանց կատակների: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև Սենդայից մեկնել է Տոկիո, որտեղ վաղը՝ հունիսի 6-ին, կմեկնարկեն Հանրապետության ղեկավարի հանդիպումները Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ: Այց է նախատեսված նաև «Տոշիբա» գիտությունների թանգարան:

No comments: