Wednesday, June 6, 2012

Միակ ուժը, որը կարող է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, հայկական բանակն է

Mardik.am. 5-6-2012- Ադրբեջանին անհրաժեշտ է իրավիճակի ապակայունացում առաջնագծում` արտաքին, ներքին քաղաքական նպատակներին հասնելու համար: Mardik.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` հայկական կողմը պետք է զգոն լինի` ի պատասխան հասցնելով այնպիսի հարված, որ ադրբեջանական հանրությունն ինքն ընդվզի սեփական ղեկավարության դեմ: Ռազմական փորձագետը փաստեց, որ ալիևյան կլանի արկածախնդրության գինն ադրբեջանցի զինվորների կյանքն է: Նա նշեց, որ ադրբեջանական կողմը վերջին երկու օրերին անհամեմատ մեծ մարդակյին կորուստներ է կրել, և այլևս չի կարող տարբեր պատրվակներով քողարկել դրանք: Սակայն ըստ Դ.Ջամալյանի` Ադրբեջանն, ինչպես միշտ, այս անգամ էլ, զոհվածների ամբողջական թիվը չի հրապարակել, և առաջիկայում, նրա խոսքով, իրենց լրատվամիջոցներում կհրապարակեն արտակարգ պատահարներից մահացած զինծառայողների մասին տեղեկատվություն` այդ մահերը վերագրելով հայ զինվորի գնդակին: Դ.Ջամալյանը հորդորում է միամիտ չլինել և չսպասել, որ Ադրբեջանը պատասխանատվության կկանչվի դիվերսիոն գործողությունների համար: Նա գտնում է, որ դրա համար պետք է առկա լինեն որոշակի աշխարհաքաղաքական շահեր: «Միակ ուժը, որը կարող է պատասխանատվության ենթարկել և զսպել Ադրբեջանին, հայկական բանակն է, իսկ միջազգային հանրության դիրքորոշումը շատ շահադիտական է»,- ընդգծեց ռազմական փորձագետը: Դավիթ Ջամալյանը նշեց, որ ինքը թեև միջադեպից հետո դեռևս չի մեկնել Չինարի գյուղ, սակայն իր այնտեղի գործընկերներից տեղեկացել է գյուղում տիրող իրավիճակի մասին: Նա ընդգծեց, որ գյուղում շատ վաղուց վտանգը սովորական է ընկալվում. գյուղացիների շրջանում խուճապ չկա, քանի որ նրանք հարմարվել են իրենց ապրելակերպին: «Գյուղն ապրում է իր կյանքով, և բնակիչների մոտ գյուղը թողնել-հեռանալու նպատակ չկա, քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ բանակը կանգնած է իրենց թիկունքում»,- ասաց Դ.Ջամալյանը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի վրա կատարվել ադրբեջանական դիվերսիոն գործողություն, որի արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը, կա 6 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ այս գիշեր` ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել: Ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

No comments: