Saturday, June 30, 2012

«Ողջամիտ փոխզիջման» փոխարեն. Տեսանյութ

«Լրագիր» 30-6-2012- Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն իր վրդովմունքն արտահայտեց Սերժ Սարգսյանի Բրյուսելում արած հայտարարության կապակցությամբ: «Փոխանակ Արցախը վերաբնակեցնենք հայերով, դեռ մտածում ենք տարածքների «ողջամիտ» փոխզիջման ուղղությամբ: Ցանկացած փոխզիջում մեր երկրի սահմանները դնելու է կասկածի տակ: Սա ժամանակային առումով այնքան էլ անմեղ հայտարարություն չէ: Այն համընկնում է Քլինթոնի Հայաստան կատարած այցի հետ: Հունիսին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, 10 օրից ԵԱՀԿ համանախագահների այցելությանը և հենց այսօր Էդուարդ Նալբանդյանի Արցախ կատարած այցելության հետ, որտեղ նա փորձում է համոզել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին մշակվող տարբերակի իրականացման շուրջ: Հայաստանն ավելի քան զիջումներ է արել և ոչ մի փոխզիջման մասին չի կարող խոսք լինել: Սա համակարգի վերարտադրության գինն է, որ վճարվում է»: Ալեք Ենիգոմշյանը ավելի քան համոզված է, որ նման ծրագիր չի իրականանա, քանի որ գիտակից հայ ժողովուրդը և երիտասարդությունը թույլ չի տա արյան գնով ձեռք բերվածը զիջել թշնամուն: Ցանկացած նման հայտարարության պատասխանը պիտի լինի` ոչ թե «ողջամիտ փոխզիջումներ», այլ տարբեր հայկական համայնքների վերադարձ դեպի ազատագրված տարածքներ, սակայն այս համակարգը նման ծրագիր իրականցնողը չէ, քանի դեռ մտածում են «ողջամիտ փոխզիջումների» տարբերակի վրա: Ալեք Ենիգոմշյանը համակարգափոխությունը նաև տեսնում է Արցախը վերաբնակեցնելու գաղափարի մեջ: Թեհմինե Ենոքյան

No comments: