Thursday, June 7, 2012

Ղարաբաղ. Որո՞նք են նոր մեթոդները

«Լրագիր» 7-6-2012- Ղարաբաղում չեն հասկանում, թե ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչ նոր առաջարկներ կարող են լինել, եթե Ադրբեջանն ամեն կերպ ցույց է տալիս, որ մտադիր չէ իրականացնել իր պարտավորությունները: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման նոր մոտեցումների վերաբերյալ այնքան էլ ակտուալ չեն: Նման կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն պետք է իրավիճակին ավելի ռեալ գնահատական տա եւ փոխի այս հարցում իր դիրքորոշումը, ինչը, հավանական է, որ տեղի կունենա: Բաբայանը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի հրադադարի ռեժիմի պահպանմանը, ճնշում գործադրի Ադրբեջանի վրա այդ ուղղությամբ, եւ այդ պարագայում Ադրբեջանի հետ պետք է ուժի լեզվով խոսել: «Ուժի ցուցադրությունը կարող է լինել ինչպես հայկական կողմի ադեկվատ պատասխանը, այնպես էլ միջազգային հանրության հստակ արձագանքը»,-ասել է նա: Իր հերթին news.am-ին տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը նշել է, որ նոր մոտեցումների վերաբերյալ պետքարտուղարի հայտարարությունները նշանակում են, որ նախորդ առաջարկները, մասնավորապես, մադրիդյան սկզբունքները եւ դրանց տարրերը անիրական էին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը կիրառում է հակամարտությունների լուծման հնացած մեթոդաբանություն, նրա մոտեցումները չեն արտացոլում ժամանակակից միջազգային-իրավական իրողությունները եւ միջազգային հարաբարությունների հայտնի նախադեպերը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ խոսքը լրիվ նոր իրավիճակի մասին է, որը սկսել է ձեւավորվել Կոսովոյի ճանաչումից հետո՝ Արեւմուտքի պետությունների մեծամասնության պատրոնաժով, ինչպես նաեւ դրան հետեւած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից: «Ակնհայտ է, որ նոր մոտեցումները պետք է հենվեն նոր իրողությունների վրա եւ մերձեցնեն տարածաշրջանների ժողովուրդներին խաղաղ գոյակցության, այլ ոչ թե պատերազմի»,- ասել է նա:

No comments: