Thursday, June 7, 2012

Դավութօղլուն կրկին խոսում է Երևանի հետ հարաբերությունների բարելավման նախապայմանների մասին

Tert.am. 7-6-2012- Հունիսի 8-ին Տրապիզոնում կայանալիք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպման նպատակը լինելու է տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հիշեցրել է նաև, որ նույն նպատակն ուներ նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Նախիջևանում: Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում արտգործնախարար Դավութօղլուն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, դարձյալ պնդել է թուրքական հայտնի նախապայմանը: Դավութօղլուն հայտարարել է, թե իրենց նպատակը Կովկասում խաղաղության հաստատումն է, և եթե Հայաստանը հարգի այդ խաղաղությունը և կատարի Ադրբեջանի պահանջները, Թուրքիան հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ: «Մենք որևէ մեկի հետ մնայուն թշնամության կողմնակից չենք, մնայուն բարեկամության կողմնակիցն ենք»,-ասել է նա: Նա նշել է, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Վրաստանի հետ և ամեն ինչ արել է, որ հարևան Սիրիան չհայտնվի ներկա իրավիճակում:

No comments: