Saturday, June 9, 2012

Էշթոնը մտահոգ է հայ-ադրբեջանական վերջին սրացմամբ. ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցչի հայտարարությունը

Tert.am. 9-6-2012- Եվրոմիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և եվրոհանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակը հետևյալ հայտարարությունն է տարածել՝ նրա անունից. «Գերագույն ներկայացուցիչը շատ մտահոգ է հունիսի 4-ին, 5-ին, 6-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում լուրջ զինված միջադեպերի կապակցությամբ և խորապես ցավում է մարդկային զոհերի համար: Գերագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում խստագույնս պահպանել հրադադարը և զսպվածություն դրսևորել դեպքերի վայրերում ու հրապարակային հայտարարություններում, որպեսզի կանխվի իրավիճակի հետագա սրացումը, որը վատթարացել է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Սպառնալիքը կամ ուժի կիրառումը, ինչպես նաև ստատուս քվոն չեն նպաստում առկա հակամարտության լուծմանը: Այս միջադեպերը ընդգծում են միջադեպերի հետաքննության մեխանիզմ գործարկելու կարևորությունը, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ն: Ավելին՝ դրանք ուժգնացնում են բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու անհրաժեշտությունը: Գերագույն ներկայացուցիչը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին, որպես գործընկեր երկների, ջանքեր գործադրել Մադրիդի սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ՝ որպես ապագա խաղաղության հիմքի և ամբողջությամբ կատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում նախագահների ստանձնած պարտավորությունները: ԵՄ-ը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին և դրա համանախագահների՝ հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին»:

No comments: