Thursday, June 7, 2012

Քլինթոնի ներկայությունը չի կարող զսպել Ալիեւին. Ստեփան Սաֆարյանը` սահմանին ստեղծված լարված իրավիճակի մասին

News.am. 7-6-2012- Կամ ԱՄՆ-ն ի զորու չէ ազդել կողմերի վրա, եւ մենք ունենք անկառավարելի հարեւան, կամ ԱՄՆ-ի համար այդքան էլ էական չէ, թե ինչ կլինի, անգամ եթե դա վերածվի լոկալ առճակատման: Այս մասին, այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանին ձեւավորված չափազանց լարված վիճակին: Նրա կարծիքով`տեսանելի է, որ Քլինթոնի ներկայությունը չի կարող զսպել Ալիեւին: «Եվրատեսիլից մինչեւ դիվերսիաներ Ադրբեջանը փորձում է սեփական հասարակությանն ապացուցել, որ իրենք ի զորու են վերադարձնել Ղարաբաղը, եթե հարձակվեն ու հաղթեն: Բայց միեւնույն ժամանակ այս ամենը նաեւ զոնդաժ է. հարկ է ճշտել, թե ինչպե՞ս այդ ամենին կվերաբերի միջազգային հանրությունը»,- նշեց Ս. Սաֆարյանը: «Ժառանգության ներկայացուցչի խոսքով` Հայաստանը խնդիր ունի այդ դինամիկայի դեմն առնելու եւ ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան պահպանել այդ իրավիճակը: Նախկին պատգամավորը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ–ն պետք է ծանրակշիռ հիմքեր ուենանա մեր երկիր այցելելու համար, քանի որ ԱՄՆ պետքարտուղարները հաճախակի, կամ կարելի է ասել ընդհանրապես չեն եկել Հայաստան։ «Առաջին անգամ եկել են 2011–ին, երկրորդը՝ այս տարի»,- ասաց նա` շեշտելով, որ այցելությունը սկսվեց Հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, ինչից էլ կարելի է հասկանալ, թե ԱՄՆ-ի համար ինչքան կարեւոր է սահմանի բացումը։ Ստեփան Սաֆարյանը նշեց նաեւ, որ Քլինթոնի այցելության աշխարհագրությունը՝ Հարավկովկասյան երեք երկրներ եւ Թուրքիա, եւս ինչ-որ բան ասում է։ «Երբ աշխարհի մտահոգությունն Իրանի միջուկային ծրագրի մասին է, երբ Գերմանիան Իսրայելին տալիս է ավիակիրներ, երբ Սիրիայում ստեղծվել է քաոս, այս իրավիճակում Միացյալ նահանգները չի կարող անտեսել անգամ Հայաստանը»,- ասաց Սաֆարյանը։

No comments: