Wednesday, July 18, 2012

Հայաստանի նախագահն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բնապահպանական խնդիրներ

News.am. 17-7-2012- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 17-ին, ընդունել է Իրանի փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, եւ այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող խոշոր նախագծերի իրականացումը ժամանակի հրամայականն է, որը բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից: Հանդիպմանը կարեւորվել է փոխգործակցությունը ԻԻՀ բնապահպանական կազմակերպության եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ՝ նկատի առնելով բնապահպանական խնդիրների բացահայտման, ուսումնասիրման եւ լուծման ուղղությամբ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Բնապահպանական խնդիրների լուծումը, կողմերի համոզմամբ, կարեւոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք պարտավոր են նաեւ սահմանամերձ հատվածներում արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները, պայքարել ջրի եւ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ, հետեւել բնապահպանական կանոններին: ՀՀ նախագահը եւ ԻԻՀ փոխնախագահը խոսել են Արաքս գետի ջրի օգտագործման եւ համատեղ մոնիտորինգի իրականացման, Հայաստանի եւ Իրանի սահմանամերձ տարածքում «Խաղաղության այգի» համատեղ պահպանվող տարածքի ստեղծման գաղափարի իրականացման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

No comments: