Monday, July 2, 2012

Դինքի մարդասպանի հետ լուսանկարված թուրք ոստիկանի պաշտոնն իջեցրին

HayNews.am.2-7-2012- Թուրքիայում որոշել են իջեցնել Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի հետ լուսանկարված ոստիկանի պաշտոնը: 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում Դինքի սպանությունն իրականացրած Սամասթը, ով 22,5 տարվա ազատազրկման է դատապարտված, ձերբակալության ժամանակ մեծարվել էր նրան բերման ենթարկած ոստիկանների կողմից: Ոստիկանատանը նրա հետ լուսանկարվել էին` պարզելով Թուրքիայի դրոշը: Նման մի լուսանկարում էլ Սամասթի հետ լուսանկարված Յակուփ Քուրթարանն ավելի ուշ ոչ թե պատժվել էր հանցագործին հերոսացնելու համար, այլ անգամ շատ ավելի բարձր պաշտոն էր ստացել. Քուրթարանը նշանակվել էր Մալաթիա նահանգի փոխոստիկանապետ: Այս նշանակումը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական ձախակողմյան մամուլում: Օրերս հայտնի է դարձել, որ Քուրթարանին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից և ուղարկել ավելի «պասիվ աշխատանքի», ինչպես նշում է թուրքական «Ռադիքալ» թերթը: Քուրթարանն այսուհետ աշխատելու է Քըրշեհիրի ոստիկանական դպրոցում:

No comments: